Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 07։40-ի սահմաններում Kia Sorento 7 մակնիշի ՊՆ 0032 Մ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրլի հատվածով անցնող 60-65 տարեկան կնոջ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երեւանի 1-03 շտապօգնություն, եւ մինչ շտապօգնության ժամանումը, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին: Իսկ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ Kia-ի վարորդն իջել է ավտոմեքենայից, մոտեցել գետնին ընկած կնոջն ու փորձել օգնություն ցուցաբերել, երբ վերեւից սպիտակ գույնի Range Rover-ըմեծ արագությամբ անցել է գետնին ընկած կնոջ վրայով, իսկ Kia-ի վարորդը հազիվ է կարողացել փախչել Range Rover-ի առջեւից:


Քանի որ Kia-ն հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, դեպքի փաստով քննությունը վարում է Ռազմական Ոստիկանությունը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի եւ մահացածի ինքնությունը, ինչպես նաեւ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Range Rover-ն ու նրա վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։