Երեկ Ազատության հրապարակում բողոքի ակցիա է ընթացել ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների: Ցուցարարները պահանջել են դատել Ռոբերտ Քոչարյանին: Ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Գլխավոր դատախազության շենք:

Դեկտեմբերի 11-ին բողոքի ակցիա էր իրականացվել Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից՝ նրան ազատ արձակելու պահանջով: Երեկվա ակցիան փաստորեն առաջինի պատասխանն էր։

Որպես կանոն, ազատազրկված գործիչների համար տեղի են ունենում հաջակցության ակցիաներ, ու հազվադեպ է պատահում, որ հասարակությունը չի հանգստանում որևէ մեկի կալանավորմամբ ու իրավապահներից լրացուցիչ պահանջում է պատասխանատվության ենթարկել կալանավորին։ Դա տեղի է ունենում այնպիսի դեպքերում, երբ պոտենցիալ դատապարտյալի մեղավորության հարցում առկա է հասարակական կոնսենսուս, համոզմունք։ Օրինակ՝ այդպես էր Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականացրած խմբի անդամների պարագայում։ Այս գործով դատավարության առաջին օրերին Երևանի կենտրոնում տեղի էին ունենում բազմահազարանոց ցույցեր, որոնց պահանջը ոճրագործներին պատասխանատվության ենթարկելն էր։

Սակայն Հոկտեմբերի 27-ի պարագայում նման ցույցերի անցկացումն ինչ-որ իմաստով մոտիվացված էր, որովհետև հասարակությունը համոզված էր, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն արդար դատավարություն չի իրականացնելու, ու փորձում էր իր ակտիվությամբ հասնել արդարության ու օրինականության հաղթանակին։

Հիմա երկրում միանգամայն այլ իրավիճակ է, ու գրեթե բոլորը վստահ են, որ Մարտի 1-ի գործով վերջապես իրականացվում է օրինական նախաքննություն, որին հաջորդելու է լեգիտիմ դատավարությունը, որն էլ տալու է հասարակությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները։

Այնուամենայնիվ, հասարակությունը Ռոբերտ Քոչարյանին փաստորեն նույնացնում է Նաիրի Հունանյանի հետ ու իշխանություններից անընդհատ պահանջում է դատել նրան։ Նման իրավիճակը խոսում է մի քանի հանգամանքի մասին։

Նախ՝ հասարակությունը դեռ միֆական վախեր ունի, որ հին համակարգը վերջնականապես չի կապիտուլացվել ու ցանկացած պահի ձգտելու է ռևանշի։ Անկեղծ ասած՝ նման հնարավորությունը գործնականում բացառում ենք, մյուս կողմից՝ հասարակության մտավախությունը լրիվ անհիմն չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Մոսկվան ցուցադրաբար դեմարշ է անում Հայաստանի նոր իշխանության հանդեպ, ու դա պայմանավորված է նաև Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հանգամանքով։

Մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նորագույն պատմության մեջ նույնքան, իսկ գուցե նաև ավելի նողկալի դերակատարություն ունի, քան Նաիրի Հունանյանը։ Վերջինս ու նրա հանցավոր խումբն ընդամենը գործիք էին, որի միջոցով Հայաստանի քրեաօլիգարխիան՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ու մոսկովյան հայտնի շրջանակներն իրականացրին Հոկտեմբերի 27-ի ոճիրը՝ Հայաստանում հաստատելով ռուսական վասալության ռեժիմը։

Այլ խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն այն հակահերոսն է, որի դեմ կոնսոլիդացվելով՝ Հայաստանի հասարակությունը քաղաքակրթական ընտրություն է կատարում՝ սկզբունքորեն մերժելով ավտորիտարիզմը, ահաբեկչությունը, դեսպոտիզմը։

Նյութի աղբյուրը՝ 1in.am