Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը Ինտերֆաքս Ադրբեջանին տված հարցազրույցում ասել է, թե Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի բնակչության անվտանգությունն ու տրամադրել լայն ինքնակառավարում:

Բաքուն իհարկե առաջին անգամ չէ, որ անում է այդպիսի հայտարարություններ: Անցնող երկու տասնամյակի ընթացքում այդպիսիք հնչել են տարբեր առիթներով:

Երեւանը պետք է արագ արձագանքի այդօրինակ հայտարարություններին, հատկապես վերջին օրերին տեղի ունեցածի ֆոնին, երբ Մամեդյարովի մեկ այլ հայտարարություն առաջացրել էր որոշակի աղմուկ Հայաստանում: Խոսքը Միլանում արտգործնախարարների հանդիպմանը երկար ժամանակից ի վեր առաջին անգամ փոխըմբռնման գալու մասին էր:

Մամեդյարովն իհարկե չէր ներկայացրել որեւէ մանրամասն, սակայն դա չխանգարեց Հայաստանում տեղեկատվական աղմուկին, ինչի բուն պատճառներից մեկն էլ, իսկ գուցե առաջինը՝ Հայաստանի ԱԳՆ ոչ համարժեք եւ անբավարար տեղեկատվական վարքագիծն էր, ընդ որում սկսած դեռեւս Միլանի հանդիպումից: Եվ ընդհանրապես, «նյուզմեյքերության» դաշտում Ադրբեջանի նախաձեռնողականությունը ակնառու է տարիներ շարունակ, որի ֆոնին հայկական կողմը մշտապես ընդամենը պատասխանողի, հետեւից գնացողի դերում է:

Անհրաժեշտ է փոխել այդ հարաբերակցությունն ընդհանրապես: Միաժամանակ, տվյալ իրավիճակում անհրաժեշտ է ԱԳՆ արագ արձագանքը Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը, թե պատրաստ են ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը:

2016 թվականի ապրիլյան քառօրյան ցույց է տվել, ողբերգական պատկերներով, թե Բաքուն ինչքան եւ ինչպես է պատրաստ ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը: Քառօրյան ագրեսիա էր Արցախի դեմ ոչ միայն ռազմական բախման բաղադրիչով, ինչը հանգեցրեց 100-ից ավելի զինծառայողների զոհվելուն, այլ նաեւ հակամարդկային գործողություն խաղաղ բնակչության դեմ: Դրա վկայությունն էին Թալիշում խոշտանգված ծերունիները, որոնք չէին հասցրել հեռանալ գյուղից, երբ այնտեղ էին մտել ադրբեջանական հատուկջոկատայինները:

Խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի դրսեւորում էր Մարտունում դպրոցի ճանապարհին ադրբեջանական հրթիռակոծման հետեւանքով սպանված երեխան: Միաժամանակ, պատերազմական հանցագործության դրսեւորումներ էին հայկական զինուժի մարտիկների աճյունների խոշտանգումները, կտրված գլուխները: Ավելին, բժշկական փորձաքննությունը պարզել էր, որ եղել են դեպքեր, երբ այդ գործողությունները կատարվել են դեռեւս ողջ զինծառայողների նկատմամբ:

Ադրբեջանը չունի Արցախի բնակչության անվտանգության մասին խոսելու որեւէ պարզունակ իրավունք անգամ, ու միեւնույն ժամանակ հստակ է նաեւ, որ ամենեւին ապրիլյան քառօրյան չէ, որ Բաքվին զրկել է այդ իրավունքից: Ադրբեջանի ագրեսիվ, հակամարդկային եւ ահաբեկչական բնույթի մտադրություններն ու որոշ դեպքերում դրանց իրագործումը ունի ավելի վաղ օրինակներ, ինչպես օրինակ քարվաճառյան դիվերսիան, որն իրականացրած խմբից մեկը սպանվել է, մյուս երկուսը ներկայում իրենց պատիժն են կրում Արցախում:

Ապրիլյան քառօրյան պարզապես եւս մեկ աղաղակող վերհաստատում էր, որ Ադրբեջանը սպառնալիք է Արցախի անվտանգությանը, եւ այդ անվտանգության համար նվազագույն անփոխարինելի շեմը Արցախի անկախությունն ու միջազգային սուբյեկտությունն է: Ընդ որում, նվազագույն եւ անփոխարինելի, եւ ոչ բավարար:

Միեւնույն ժամանակ, այստեղ իհարկե առաջանում է նաեւ հարց ԱԳՆ նախկին ղեկավարությանը, եւ ընդհանրապես նախկին քաղաքական ղեկավարությանը: Ի՞նչ է կատարվել երկու տարիների ընթացքում ապրիլյան քառօրյայի ադրբեջանական վայրագությունները միջազգային հանրությանը ներկայացնելու եւ Ադրբեջանի դեմ դրանց «փաստարկային ինստիտուցիոնալացման» համար:

 Նյութի աղբյուրը՝ lragir.am