«Ես բնավ չէի պատկերացնի, որ ԱԺ ամբիոնից կլսեմ նեոադրբեջանական տեսակետներ»: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին, որը սուր քննադատության էր ենթարկել Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի գործունեությունը:

Աբովյանը նշեց, որ 3 տարի աշխատելով Անդրանիկ Մանուկյանի խորհրդական, տեսել է, որ նա ամեն օր իր «կյանքը դնում է Հայաստանի համար»:


Դիտարկմանը, որ Արման Բաբաջայանը մեղադրեց Անդրանիկ Մանուկյանին, որ նա Ռուսաստանի շահերն է սպասարկել, Աբովյանն արձագանքեց. «Ես որքան գիտեմ պարոն Բաբաջանյանի լրատվամիջոցի դիմաց ԱՄՆ դրոշն է կախված: Կարող է Մոնղոլիայի դրոշն էլ կախած լինի, բայց ես գիտեմ մի բան, որ ՀՀ դեսպանատան գլխին եղել է միայն ու միայն Հայաստանի դրոշը: Խոսել բոլորս էլ կարող ենք: Ի դեպ, Ռուսաստանի շահերը սպասարկելու թեզն էլ է ադրբեջանական թեզ»,-ասաց նա:

Հարցին, թե վեճն իրենց միջեւ ավարտվա՞ծ է, թե կարող է շարունակություն ունենալ դահլիճից դուրս, Արման Աբովյանն ասաց, որ դա վեճ չի. «Ես շոկային վիճակի մեջ եմ: պետք է իհարկե, մեր գործընկերների հետ քննարկենք, բայց ինձ համար ուղղակի անընդունելի է, անհասկանալի է սա: Մենք հարցը կքննարկենք խմբակցությունում եւ ըստ այդմ որոշում կընդունենք: Ես չգիտեմ՝ ինչ ենք անելու: Ես համոզված եմ, որ ողջ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նույնիսկ կեսը չունի արած Հայաստանի համար, որքան մեծարգո Անդրանիկ Մանուկյանը»:

Նա նշեց, որ ադրբեջանցիների կողմից հստակ նպատակ է եղել հակահայկական տրամադրություններ սերմանել Ուկրաինայում, բայց դա չեղավ նաեւ Անդրանիկ Մանուկյանի ջանքերով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ սկսած Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից, մասնավորապես հիշատակելով նաեւ Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի պաշտոնավարումը:

Բաբաջանյանը նշել է, որ Մանուկյանը սպասարկել է ռուսական շահերը, համագործակցել քրեական տարրերի հետ, նրա օրոք վատացել են հայ-ուկրաինական հարաբերությունները: Ի պաշտպանություն Անդրանիկ Մանուկյանի ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, որը 3 տարի եղել է Անդրանիկ Մանուկյանի խորհրդականը: Աբովյանը պնդեց, որ Բաբաջանյանի մեղադրանքներն ադրբեջանական քարոզչության թեզերն են:

Ի դեպ, Արման Բաբաջանյանի ելույթի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը, ով Անդրանիկ Մանուկյանի որդին է, տեղից բղավեց «կարճ կապի» ու հեռացավ նիստերի դահլիճից՝ շրխկացնելով դուռը: Նրան հետեւցին մի քանի ԲՀԿ-ականներ:

«Հաշիվները պարզեք դահլիճից դուրս». Կրքերը ԱԺ-ում թեժացան. Իրար «կպան» Մարուքյանն ու ԲՀԿ-ական պատգամավորը