Մեր երիտասարդ կոլեգաներին մենք պետք է հորդորենք, որ հատկապես արտաքին հարաբերություններում մինչեւ վերլուծություններ չարվեն , մինչեւ քաղաքական ուժը կոնսուլտացիաներ չանի, մենք չպետք է ռիսկային մոտեցումների գնանք։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանի սկանդալային ելույթին, որում Իրանին անվանել էր ավտորիտար պետություն։

«Ես համամիտ եմ, որ պետք է հայտարարություններում շատ ուշադիր լինել, մեր երիտասարդ կոլեգաներին մենք պետք է հորդորենք, որ հատկապես արտաքին հարաբերություններում մինչեւ վերլուծություններ չարվեն , մինչեւ քաղաքական ուժը կոնսուլտացիաներ չանի, մենք չպետք է ռիսկային մոտեցումների գնանք, որոնք կվտանգեն մեր հարաբերությունները մեր կարեւորագույն գործընկերների հետ»,– ասաց նա


Նրա կարծիքով՝ բնական է՝ կլինեն նման թյուրիմացություններ, բայց վստահ է, որ առաջիկայում որոշակի աշխատանքներից հետո բոլորը կհասկանան, որ ամեն ինչ մասին չէ, որ պետք է խոսել։

«Սա սկիզբն է, շատերը դեռեւս հուզականության էյֆորիայի մեջ են եւ կամաց–կամաց մեր գործընկերները կընկնեն հունի մեջ»,– հավելեց նա։

Հիշեցնենք, որ ելույթից անմիջապես հետո Կոնջորյանը հայտարարել էր, որ իր կողմից սխալ է թույլ տրվել, որ այլեւս չեն կրկնվի նման «վրիպակները»: