ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր` Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադարձավ Արարատի մարզի դպրոցներից մեկում հոգևորականի հետ տեղի ունեցած միջադեպին: «Քահանան այնտեղ ընդհանրապես չի եղել, այդ պատմությունը հետևյալն է. երբ որ ես այցելել եմ այդ դպրոց, այդ ընթացքում հոգևորական է այնտեղ եկել և ես տնօրենին հարցրել եմ, թե հոգևորականն ի՞նչ գործառույթ ունի դպրոցում:

Նա էլ ասել է, որ դասղեկական ժամերին քահանային սովորաբար հրավիրում են: Յուրաքանչյուր դպրոց ինքը կարող է որոշել թե այս կամ այն մարդն ինչ գործառույթ ունի իր դպրոցում:

Կոնկրետ հարցը տրվել է տնօրենին և խոսակցությունը եղել է դասղեկական ժամերին նրա ներկայության հետ կապված, որը մեծ խնդիր է: Խնդիրն այն է, որ դասղեկական ժամերը նախատեսված են կազմակերպչական ծրագիր իրականացնելու համար և ոչ թե հոգևոր քարոզի»:

Լրագրողների այն հարցին, թե եղե՞լ է նախարարի կողմից քահանային դպրոցից անձամբ դուրս հրավիրելու միջադեպ, պատասխանել է. «Չի եղել նման բան: Ասել եմ, որ դպրոցն աշխարհիկ կառույց է, բայց մենք Տեր Դավիթի հետ ձեռքսեղմումով ենք ավարտել մեր զրույցը և, առհասարակ, կարող եք այդ քահանայի մասին մի քիչ տեղեկություններ հավաքել, պարզել, թե ինքն ինչ տեսակ մարդ է»,- մանրամասնել է նախարարը:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցել էր Արարատի մարզի Այգեստան համայնքի դպրոցներից մեկը: Այդ այցելությունից հետո լուրեր տարածվեցին այն մասին, որ նախարարը հոգևորականին դիտողություն էր արել վերջինիս դպրոցում լինելու համար և դուրս էր հրավիրել նրան: