ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հատված այսօրվա որոշումից։ Որոշումը դրականորեն կազդի մեր շուրջ 230.000 քաղաքացիների վրա։

***

2. Սույն կարգի 3-րդ կետով հաստատված ցանկում ընդգրկված պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման իրավունքից օգտվում են 18 տարեկան և ավելի բարձր տարիքի հետևյալ խմբերում ընդգրկված անձինք.
1) ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները,
2) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք,
3) ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք,
4) բռնադատվածները,
5) Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները,
6) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք,
7) ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ:

3. Սույն կարգի 2-րդ կետում ընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվում են բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում, ինչպես նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ հետևյալ բժշկական ծառայությունները.

1) գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ միկրոկաթետրի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը),
2) կլիպսների օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,
3) շունտավորող համակարգերի օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,
4) էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում՝ նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ,
5) սրտի բաց վիրահատություն, կորոնար անոթների բալոնային դիլատացիա, կորոնար անոթների ստենտավորում` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտերով, սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա,
6) աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ,
7) կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիա,
8 ) սրտի կաթետերային աբլացիա,
9) խոշոր և պերիֆերիկ անոթների բալոնային դիլատացիա և ստենտավորում,
10) սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը (ներառյալ ֆիլտրի արժեքը),
11) արթրոսկոպիկ վիրահատություններ,
12) բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղական կոնստրուկցիաների, ընդ որում, միայն հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքները,
13) շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР) բիպոլյար կամ լազերային եղանակով,
14) քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ,
15) սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա,
16) աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում)»: