«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աներորդի, պատգամավոր Հրաչ Հակոբյանի նախաձեռնությամբ դեռ նախորդ գումարման Ազգային ժողովում օրենսդրական նախագիծ էր ներկայացվել, որով արգելվելու է բուքմեյքերական ընկերությունների գովազդը հեռուստատեսությամբ և առցանց տիրույթում, ինչը ֆինանսական մեծ հարված կլինի լրատվամիջոցներին, որոնք հիմնականում գովազդից են ֆինանսավորվում, իսկ Հայաստանում քանի որ տնտեսությունը չի զարգանում, ուստի, գովազդատուները հիմնականում բուքմեյքերներն են։

Այս նախաձեռնությունն առնվազն ԶԼՄ-ների անկախության դեմ ուղղված քայլ կարող է դիտվել, և լրատվական աշխարհում բողոք է հասունանում։ Նախագիծը դեռ աշխատանքային քննարկման փուլում է, սակայն այսօր հեղինակն ԱԺ-ում փակ քննարկում է կազմակերպել խնդրի առնչությամբ՝ խտրական մոտեցում դրսևորելով և որոշ լրատվամիջոցների չհրավիրելով։

Համենայնդեպս, «Հրապարակը» հրավեր չի ստացել։ Ավելին՝ անգամ «Իմ քայլը» խմբակցությունում երեկ տեղյակ չէին, որ նման քննարկում է նախաձեռնվել։ Հրաչ Հակոբյանն արդարացավ, թե իր օգնականն է հրավիրել ԶԼՄ-ներին, ինքը տեղյակ չէ, թե ում»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: