Սերժ Սարգսյանի փաստաբանը հաստատել է, որ նա հարցաքննվել է Մարտի 1-ի գործով, եւ հնարավոր է շարունակություն: Մարտի 1-ի գործի շրջանակում օրերս հարցաքննվել է նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա դեպքում էլ չի բացառվում նոր հարցաքննություն: Առաջին եւ երրորդ նախագահները հարցաքննվել են որպես վկա: Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռեւս հուլիսից մեղադրյալ է եւ ներկայում գտնվում է կալանքում: Նրան մեղադրանք էր ներկայացվել առաջին հարցաքննության օրը, երբ հրավիրել էին որպես վկա:

Նույն սենյակու՞մ են հարցաքննվել նախկին երեք նախագահները, պարզ չէ, սակայն պայմանականորեն նրանք փաստորեն անցել են նույն սենյակով: Ու թեեւ նրանց կարգավիճակները տարբեր են, այդուհանդերձ հատկանշական է, որ Մարտի 1-ի գործի այսպես ասած վերաբացումը «համախմբեց» երեք նախկին նախագահներին:

Ինչ հարցեր են նրանք ստացել, ինչ պատասխաններ տվել, մանրամասները բնականաբար նախաքննական գաղտնիք են, սակայն միարժեք է, որ իրավական գործընթացին եւ կարգավիճակին զուգահեռ, նրանք քաղաքական գործոններ են, եւ ըստ էության գործընթացը ուղղակի, թե անուղղակի ունի իր քաղաքական բովանդակությունն ու ազդեցությունը:

Հայաստանյան քաղաքականությունը անցնող մոտ երեք տասնամյակում պարփակվել է երեք նախագահների եռանկյունու տրամաբանության մեջ, ինչը գործնականում մեկնարկել է ընտրակեղծարարության ինստիտուտի ներդրումից: Ընտրակեղծիքի ինստիտուտի ներդրումը եւ հետագա բյուրեղացումը ստեղծել է մի վիճակ, երբ ձեւավորվել է լիովին փակ ցիկլ՝ մեկ համակարգի ներսում, եւ այստեղ իհարկե նախագահները կարող էին լինել երեքը, երկուսը, հինգը, ունենալ տարբեր անուններ, բայց ցիկլի եւ ընթացքի տրամաբանությունը լինելու էր նույնը, քանի դեռ այն չէր բացվել:

Թավշյա հեղափոխությունը բացեց այդ ցիկլը, միեւնույն ժամանակ կանգնելով մի իրողության առաջ, երբ ակնառու է, որ երեք նախագահների եռանկյունուց դուրս Հայաստանում այսպես ասած ինստիտուցիոնալ, համակարգային վակուում է: Ընդ որում, օբյեկտիվ վակուում, քանի որ նախորդ համակարգն իր քառորդդարյա բնույթով գործնականում բացառում էր, որ Հայաստանում իրենից դուրս զարգանար որեւէ ինստիտուտ կամ համակարգ:

Այդ պայմաններում, նախորդ համակարգի մոտ առաջանում է համոզում, որ ժամանակն աշխատում է իր օգտին: Եվ իհարկե սկսում է դրա վրա կառուցված աշխույժ խաղ, որի հանդեպ ինստիտուցիոնալ դիմադրության մեխանիզմը դեռեւս շատ թույլ է կամ նույնիսկ չձեւավորված:

Այդ իմաստով, Մարտի 1-ի վերաբացված գործը ըստ էության ստանում է յուրօրինակ քաղաքական նշանակություն, մեկ «տանիքի» ներքո հավաքելով երեք նախագահներին՝ բարոյա-քաղաքական եւ իրավական պատասխանատվության տանիքի ներքո: Ընդ որում, տանիք, որն իր ներքին, առերեւույթ տարածվածությամբ անշուշտ պարունակում է շատ ավելի լայն ժամանակա-քաղաքական տիրույթ, քան զուտ 2008-ի մարտիմեկյան իրողությունները:

Այդ տեսանկյունից, մարտիմեկյան գործը մի կողմից լինելով տասամյա ողբերգության՝ տասը մարդու սպանության բացահայտման հրամայական, իր մեջ նաեւ պետական անվտանգությանն առնչվող բազմաթիվ հարցադրումներով, միաժամանակ քաղաքական իմաստով ստացել է երեք նախագահների եռանկյունու կամ Հայաստանի նախորդ քաղաքական համակարգի յուրօրինակ զսպաշապկի կարգավիճակ, ընդ որում` բավական առաձգական շապկի:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am