Երևան ավտոբուս» ՓԲԸ վարորդները գործադուլ են իրականացնում` հրաժարվելով երթուղի դուրս գալ: Նրանք պահանջում են նորանշանակ տնօրենի հրաժարականը: Այս մասով Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել, որտեղ, մասնավորապես, նշված է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանին: Ընկերությունը 19 երթուղի է սպասարկում` շուրջ 180 ավտոբուսով: Բացի այդ, ընկերության հավաքակայանում շուրջ 70 չօգտագործված ավտոբուս կա: Դրանք քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում գիծ դուրս կբերվեն՝ համալրելով քաղաքապետարանի կողմից սպասարկվող երթուղիների ցանկը: Մինչև մայրաքաղաքի նոր տրանսպորտային համակարգի ամբողջական ներդրումը, միջանկյալ նոր երթուղիներ ու շարժակազմ կներգրավվի: Երթուղիների ավելացմանն ու ընկերության գործառույթների ընդլայմանը զուգահեռ, «Երևան ավտոբուս»-ում տեղի կունենան փոփոխություններ, մասնավորապես, տեխնոլգիական վերազինման և նոր աշխատակիցների ներգրավման առումով: Ընկերությունում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, տնօրենի փոփոխությունը, մտավախություն է առաջացրել որոշ վարորդների մոտ, որ դրանց հետևանքով կվատթարանան նրանց աշխատանքային պայմանները: Հայկ Մարությանը վստահեցրել է աշխատակիցներին, որ կրճատումներ ու կադրային փոփոխություններ ընկերությունում չեն լինելու, աշխատանքի պայմանները ոչ միայն չեն վատթարանալու, այլև հակառակը՝ սպասվում են բարելավումներ կանոնավոր աշխատաժամանակի և վարձատրության մասով: Այնուհանդերձ, այսօր առավոտյան ընկերության մի քանի վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղի՝ պահանջելով նախկին տնօրենի վերադարձը: Ժամը 9.00-ի դրությամբ, սակայն, երթուղիների կանոնավոր աշխատանքը վերականգնվել է»: