Նախօրեին միջադեպ է գրանցվել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, հաղորդում է 168.am-ը:

Միջադեպի մասնակից կողմերից մեկը եղել է վիրաբուժական կլինիկայի ղեկավար Մուշեղ Միրիջանյանը, ով, ի դեպ, Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի հայրն է: Կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ հիվանդի եւ պրոֆեսոր Միրիջանյանի միջեւ ծավալված էմոցիոնալ խոսակցությունը վերածվել է ձեռնամարտի, միջանցքում տարածված աղմուկից անմիջապես հավաքվել են բաժանմունքի մյուս բժիշկները եւ միջամտել են քաշքշուկին:


Նույն աղբյուրի պնդմամբ՝ միջադեպը լուրջ արձագանք է գտել պրոֆեսորի կոլեգաների ու բուհական դասախոսների շրջանում, դեպքի մասին տեղեկացրել են նաեւ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին:

Ընդհուպ համալսարանական էթիկայի հանձնաժողովը երեկ նիստ է հրավիրել, բ.գ.դ պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանի վարքագիծը՝ որպես համալսարանի վիրաբուժության ամբիոնի վարիչի, քննարկման նյութ է դարձել հանձնաժողովի անդամների շրջանում:

Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը չհերքեց միջադեպի մասին մեր տեղեկատվությունը:

«Քաղաքացին կոպիտ ձեւով մտել է բժշկի սենյակ, պահանջել, որ առաջինն իրենց հիվանդը պիտի վիրահատական միջամտության ենթարկվի, բաժանմունքի վարիչ պրոֆեսոր Միրիջանյանը հանգիստ տոնով բացատրել է նրան, որ գոյություն ունի որոշակի ընթացակարգ, եւ հետեւապես՝ իրենք պիտի որոշեն վիրահատությունների առաջնահերթությունը: Նրանք էլ՝ բա չէ, պնդում ենք, առաջինը հենց մեր հիվանդին պիտի վիրահատեք»,- պարզաբանեց Շուշան Դանիելյանը:

Հարցապնդմանը՝ այդուհանդերձ եղե՞լ է միջադեպ, թե՞ ոչ, նա անուղղակիորեն հաստատեց լուրը՝ ասելով, որ ամեն դեպքում հիվանդը բարեհաջող վիրահատվել է, հիմա նա լավ ինքնազգացողություն ունի, իսկ հիվանդի հարազատները հետո մոտեցել, ներողություն են խնդրել պրոֆեսոր Միրիջանյանից իրենց վարքագծի համար: