ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին դուրս են գրել «Նաիրի» բժշկական կենտրոնից։ Այս մասին  ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

«Մանվել Գրիգորյանը ուրբաթ է դուրս գրվել և տեղափոխվել ՔԿՀ։ Բայց նրա բուժումը կշարունակվի, քանի որ վիճակը ծանր է»,– ասաց փաստաբանը։


Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ ԱԺ նախկին պատգամավորը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ, ապա դեկտեմբերին գրավի դիմաց ազատ արձակվել: Ավելի վաղ հայտնել ենք, որ Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է կնոջ, որդու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու եւ իրենց պատկանող երեք տներում պահելու համար։ Գրիգորյանը մեղադրվում է նաեւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի օժանդակությամբ 2014-2017թթ ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից ԵԿՄ հասարակական կազմակերպությանը հանձնված պարենային ապրանքների ու հանդերձանքի յուրացման համար։ Խոսքը առանձնապես խոշոր չափերի` 101.232.917 դրամ արժողությամբ գույքի մասին է։