ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը մարտի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով գաղտնլասման հայտնի պատմության մասին հարցին, ասել է, որ կատարվում է քննություն, սակայն արդյունքի մասին խոսել չի կարող՝ նախաքննական գաղտնիք է:

Վանեցյանն այդ թեմայի վերաբերյալ հարցերի պատասխանել է նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում, ասելով, որ նախկինում կարող են եղած լինել գաղտնլասման սարքեր անհատ ներկրողներ, այդպիսի կասկածներ կան եւ դրանք պարզելու ուղղությամբ աշխատանք ԱԱԾ կատարում է, բայց ավելին ասել չի կարող:

Իսկ լրագրողների հարցին, թե արդյոք անձը, որն ըստ նրա ավելի վաղ արած հայտարարության եղել է գաղտնալսում պատվիրողն ու «հանրությանը հայտնի մարդ» է, այժմ ազատության մեջ է, ԱԱԾ պետը պատասխանել է, որ չի ուզում ավելին խոսել, քանի որ «կարող է էլի դատի տան»:

Հետաքրքիր է «էլի դատի տան» ձեւակերպումը: Արդյոք Վանեցյանը խոսել է ընդհանրապես երեւույթի մասին, թե՞ կոնկրետ միեւնույն օրինակի: Իսկ ո՞վ է դատի տվել նրան մինչ այժմ, որ կարող է «էլի տալ»: Այդ իմաստով կարծես թե հայտնի է, որ ԱԱԾ պետի դեմ դատական հայց ներկայացրել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Քոչարյանների՞ն նկատի ուներ Արթուր Վանեցյանը, որոնց՝ իրեն «էլի դատի տալուց» նա զգուշանում էր:

Իսկ ու՞մ էր Վանեցյանը զգուշացնում, ակնարկելով, որ եղել են գաղտնալսման սարքերի ներկրումներ, ինչը պարզելու ուղղությամբ ԱԱԾ-ն կատարում է քննություն: Այդ հանգամանքը հետաքրքիր է, քանի որ ԱԱԾ պետը փաստորեն հայտարարում է, որ Հայաստանում ինչ որ մարդիկ կան, որոնք ունեն գաղտնալսման սարքեր, եւ ԱԱԾ-ն աշխատանք է կատարում նրանց պարզելու ուղղությամբ: Ովքե՞ր են այդ մարդիկ: Իսկ ԱԱԾ-ն գուցե արդեն պարզե՞լ է, եւ մնում է հասկանալ, թե երբ են «հայտնաբերվելու» սարքերն ու ինչ առիթով: Դրանք մնում են Հայաստանի պետական անվտանգությա՞ն վտանգ, թե կարող է ստացվել, որ իշխանություն եւ փող ունեցած ինչ որ մարդիկ ժամանակին գաղտնալսող սարք են ներկրել, սակայն այսօր դրանք վերածվել են հենց իրենց գլխին կախված Դամոկլեսյան սրի:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am