ՀՔԾ խոսնակը տեղեկություն է տարածել, որ կառույցը նյութեր է նախապատրաստում 1998 թվականի նախագահի ընտրության արդյունքը կեղծելու դրվագով: ՀՔԾ-ն այդ գործը նախապատրաստում է պաշտպանության նախկին փոխնախարար, կառավարության նախկին անդամ Վահան Շիրխանյանի հայտնի նամակի հիմքով, որ նա գրել էր Ռոբերտ Քոչարյանին եւ նրան մեղադրել այդ տարիներին մի շարք դրվագների համար, այդ թվում խոսելով 1998-ի ընտրությունը կեղծելու մասին:

1998 թվականի նախագահի ընտրությանը մոտ 100 հազար ձայնի կեղծման մասին հրապարակում տարիներ առաջ եղել է ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցներից մեկում:

Հայաստանի հանրության համար այօրինակ տեղեկությունները՝ թե ներսից, թե դրսից, ամենեւին անսպասելի կամ զարմանալի չեն, ի վերջո Հայաստանի հանրությունն է եղել կեղծվող ընտրություններն իր մաշկի վրա զգացող առաջնային սուբյեկտը, կամ գուցե օբյեկտը: Ընդ որում, դա տեղի է ունեցել առնվազն 1995-96 թվականի ընտրական փուլից սկսած: Առնվազն, որովհետեւ Պարույր Հայրիկյանն օրինակ խոսում է ընդհուպ 1991-ի մասին, բայց նրան քչերն են լսում, որովհետեւ նախագահի այդ ընտրության արդյունքը հանրության մեծամասնության համար լեգիտիմ է:

Իսկ ահա 1995-96 թվականից սկսած, համակարգային ընտրակեղծարարության հարցում թերեւս չկան տարակույսներ, կամ այդ մեկնակետից արդեն ավելի քիչ են լսվել ու ընկալվել մարդիկ, ովքեր ասել են, թե չի եղել կեղծիք:

Արդյո՞ք ՀՔԾ-ն գնալու է նաեւ 1995-96 թվական, թե՞ սպասում է որեւէ նամակի, այդ ընտրության առնչությամբ էլ նյութեր նախապատրաստելու համար: Ի վերջո, ընտրակեղծարարությունը Հայաստանում չի եղել դրվագ, եղել է համակարգված եւ բյուրեղացած հանցագործություն, որը տարիների ընթացքում կատարելագործվել է եւ հասցվել «անաղմուկ» մակարդակի, ինչպես 2017 թվականի խորհրդարանի ընտրությունը:

Ինչ է կատարվել 1998-ին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո պայքարեցին հիմնականում Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Դեմիրճյանը: Դեմիրճյանը չգնաց հետընտրական պայքարի: Ավելին, հետընտրական վարքը քաղաքագիտորեն ավելի քան տարօրինակ էր՝ նա միացավ 1998 թվականի իր մրցակիցներից մեկին՝ Վազգեն Սարգսյանին, ու նրա հետ կազմելով Միասնություն դաշինքը՝ ձեւավորեց խորհրդարանի մեծամասնություն:

Ուրեմն, ո՞վ է կեղծել 1998-ի նախագահի ընտրության արդյունքը, ու հատկապես ինչպիսի՞ն է եղել կեղծիքի բնույթը: Հայաստանում կեղծված համապետական մյուս ընտրություններից այն տարբերվում էր թերեւս նրանով, որ կեղծիքի քրեական բաղադրիչից բացի, այն կարող էր ունենալ նաեւ քաղաքական կեղծիքի բաղադրիչ, կամ ընտրությունից բացի՝ քաղաքականության կեղծման բաղադրիչ:

Ի՞նչ կբացահայտի ՀՔԾ-ն, եւ ընդհանրապես, հնարավո՞ր է Հայաստանում ընտրակեղծարարության համակարգային շղթայի դրվագային բացահայտում, չանցնելով շղթայի բոլոր օղակներով:

Եթե իհարկե խնդիրը բացահայտումն է, ոչ թե պատմության նենգափոխումը, երբ կոնկրետ դրվագների վրա համակենտրոնացում ապահովելու ջանքերով, ամբողջական շղթայի այլ պատասխանատու մասնակիցներ, որոնք կարեւոր եւ առանցքային պաշտոններ են զբաղեցրել այդ համակարգում, փորձում են «մաքրվել» ամբողջ շղթայի համար պատասխանատվությունից:

Դա էլ իր հերթին առաջացնում է մի վիճակ, երբ փաստացի ստացվում է, որ նախկին իշխող համակարգի տարբեր դրվագներում իշխանության տարբեր աստիճանի տիրապետած թեւերը կամ բեւեռները «շաբաթօրյակ» են անում թավշյա հեղափոխության վրա:

Դա վտանգ է կամ ռիսկ, որը պարունակում է երկու ասպեկտ: Նախ, դրա հետեւանքով հանրային «դիսկուրսը» տեղափոխվում է անցյալ՝ ապագայի փոխարեն, բայց այդ «դիսկուրսն» էլ հենց կառավարվում է «անցյալից», այդպիսով հանրությանը թույլ չտալով հաղթահարել այն եւ ձեւավորել նոր իրավիճակ:

Մի կողմից թվում է, որ հույժ կարեւոր է բացահայտել պետության ու հանրության դեմ անցյալում գործված հանցագործությունները, մյուս կողմից առաջանում է հարց՝ իսկ պատկերացնելի՞ է արդյոք այն հսկայական շղթան, որ պետք է բացահայտվի: Ըստ այդմ, արդյոք դա չի նշանակի խրվել այդ ցանցի մեջ եւ ոչ թե ազատվել անցյալի հանցավոր բեռից, այլ դառնալ այդ բեռի պատանդը: Մի բան, որը նախկին համակարգի խորքային ցանկությունն է՝ ինքնապահպանության բնազդով: Մինչդեռ, թյուրիմացություն կամ թյուրընկալում է նախկին համակարգ ասվածը դիտարկել միայն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի շրջանակով, այսինքն բաժանել դրվագների՝ ամբողջական շղթայի փոխարեն:

Ընդ որում, դա վտանգավոր թյուրիմացություն է: Վտանգ, ռիսկ, որ հիանալի պատկերացնում է նաեւ թավշյա հեղափոխությունն առաջնորդած վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա այդ պատկերացման վկայությունն էր հանրային ուղերձը, որ հղեց մարտի 1-ի 11-րդ տարելիցի առիթով, բայց որը չսահմանափակեց միայն այդ դրվագով, այլ փաստացի դարձրեց նախկին իշխող համակարգի ամբողջական քաղաքական եւ քաղաքակրթական գնահատականի ելակետ, փաստացի դատապարտելով Հայաստանում այսպես ասած երեք նախագահների շրջանի բոլոր քաղաքական բռնությունները եւ պետության անունից ներողություն խնդրելով բոլոր տուժողներից, նրանց հարազատներից:

Փաշինյանը մարտի 1-ին փորձեց գծել գիծ, որի շնորհիվ հնարավոր է հանրությանն ու հանրային դիսկուրսը դուրս բերել անցյալի փոսից եւ կենտրոնացնել ապագան կառուցելու վրա: Փաստացի, ներկայումս նկատելի է այդ գիծը մաքրելու եւ ապագայի հաշվին անցյալից «մաքրվելու» ջանքը: Ու՞մ կարող է անհրաժեշտ կամ ձեռնտու լինել դա:

Այդ առումով, ՀՔԾ նյութեր նախապատրաստելը կարող է ստանալ մեկ այլ ուշագրավ համատեքստ, բայց եթե ընդգրկի ամբողջ շղթան, ոչ թե դրվագներ, այդպիսով արգելափակելով «դրվագներով սրբվելու» փորձերը:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am