Երեւանում, այսօր՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 07։30-08։00-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 36-ամյա Էդգար Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի 96 XR 096 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհահատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տապալել այն եւ առաջ ընթանալով՝ բախվել մեկ այլ ծառի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։


Օպերատիվորեն ժամանել են նաեւ Աջափնյակ վարչական շրջանի «Կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցները, որոնք էլեկտրական սղոցով (դռուժբա) մասնատեցին տապալված ծառը, այն հեռացրեցին, որից հետո մաքրեցին տարածքը։ Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։