ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպել է խորհրդարանի դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիների հետ: Հիշեցնենք, որ նրանք ցանկանում էին մտնել խորհրդարան և մաքրագործելու համար օրհնության կարգ կատարել այն ամբիոնի մոտ, որտեղ օրերս ելույթ էր ունեցել տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը:

«Որևիցե մեկը՝ թե՛ նաիրա Զոհրաբյանը, թե՛ որևիցե պատգամավոր, չէր կարող իմանալ՝ ինչի մասին ա խոսքը: Եկեք մի բան հասկանանք. սա ընդամենը մարդու իրավունքների հանձնաժողովի նիստ ա եղել, սա Ազգային ժողովի նիստ չէ, «Իմ քայլը» դաշինքի դիրքորոշում չէ, Ազգային ժողովի դիրքորոշում չէ, Նաիրա Զոհրաբյանի դիրքորոշում չէ և ՀՀ քաղաքացիների մեծամասնության դիրքորոշում չէ»,- քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալեն Սիմոնյանը:

Երկու կողմերն ըմդհանուր համաձայնության եկան. Ալեն Սիմոնյանը խոստացավ, որ խնկամանը կտանի խորհրդարան, խունկը ծխել չեն կարողանա, քանի որ կմիանան հակահրդեհային անվտանգության սարքերը. «Եթե ուզում ես պատգամավորներին ջրել, սպասի Վարդավառին»,-կատակեց Սիմոնյանը:

Հոգևորականի հետ զրույցի ժամանակ, Ա․ Սիմոնյանն ասաց. «Ինչ վերաբերում է օրհնության կարգ կատարելուն, հատուկ ընթացակարգով կքննարկենք այդ հարցը»: Հոգևորականի և Սիմոնյանի միջև ընդհարում տեղի ունեցավ. նրանք չէին լսում և հակաճառում էին միմյանց. հոգևորականը պնդում էր, որ Հայաստանը պետք է դառնա հոգևոր պետությունը, իսկ Սիմոնյանը՝ հակառակը: