Առաջիկա օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ստրասբուրգ, որտեղ ապրիլի 11-ին ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում: ԵԽԽՎ օրակարգային հարց է ատելության խոսքի եւ անհանդուրժողության դեմ պայքարը, դրանում քաղաքական առաջնորդների դերը:

Փաշինյանի ստրասբուրգյան այցից առաջ Հայաստանում ստեղծվել է տարօրինակ վիճակ, կամ զարգացել է տարօրինակ մի պատմություն՝ խորհրդարանում մարդու իրավունքների թեմայով լսումների ընթացքում հայտնի տրանսգենդերի ելույթը, դրա առաջացրած աղմուկը:

Այդ կապակցությամբ, իրադարձությունների ընթացքն ու ժամանակագրությունը, մի շարք զուգադիպությունները իսկապես հետաքրքիր են: Օրինակ, լսումները, որ նախաձեռնել էր մարդու իրավունքի հարցերի խորհրդարանական հանձնաժողովը, որի ղեկավարը Հայաստանի ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն է, համընկան Հայաստան ԵԽ մոնիտորինգի պատվիրակության այցի հետ: Դրա ընթացքում Հայաստանում մարդու իրավունքի եւ ժողովրդավարության հարցերի առաջընթացը գնահատվել էր բավականին դրական եւ փոխվել այդ առումով Հայաստանի դիտարկման կարգավիճակը՝ հետանդամակցայինից անցնելով գործընկերայինի:

Ու ահա, այդ փոփոխությանը զուգահեռ, Հայաստանում հանկարծ մարդու իրավունքի եւ հանդուրժողության թեման սրվում է խորհրդարանական լսումների ընթացքում հնչած ելույթով: Դա բնականաբար առաջացնում է հանրային որոշակի դժգոհություն, ինչն էլ բնականաբար փորձում են թեժացնել ու գեներացնել ուժեր, որոնք ունեն ակնառու քաղաքական ասոցիացիաներ եւ տրանսգենդերին խորհրդարան հրավիրելու եւ ԱԺ ամբիոն տալու «քաղաքական պատասխանատվությունը» դնում են գործող իշխանության վրա, ներկայացնելով պահանջներ, որոնց բավարարումը ենթադրում է անհանդուրժողության տողատակ: Մյուս կողմից, սրված հարցը իշխանությունից պահանջում է իրավա-քաղաքական արձագանքներ, որոնք իրենց հերթին բավականին բազմաշերտ ու բարդ են, հաշվի առնելով թեմայի նրբությունն ու օբյեկտիվ եւ սուբյեկտիվ մի շարք իրողություններ, որոնք հաշվի չառնելն անհնար է:

Արդ, փաստացի ստացվում է ոչ միայն ներքին աղմուկ, այլ նաեւ ստեղծվում է իրավիճակ, երբ վարչապետ Փաշինյանի ստրասբուրգյան այցին ու ելույթին նախորդում է ոչ միայն Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքի վիճակի վերաբերյալ ԵԽ պատվիրակության բարձր գնահատականն ու փաստորեն Հայաստանի կարգավիճակի բարձրացումը, այլ նաեւ լիովին հակառակ տրամաբանությամբ անհարմար եւ բազմիմաստ պատմությունը:

Ու՞մ էր անհրաժեշտ ստեղծել այդ «ուղեկցող» աղմկոտ իրավիճակը: Շահառու խմբեր անշուշտ կան թե Հայաստանի ներսում, թե դրանից դուրս: Իհարկե, դա ամենեւին չի կարող բերել նրանց վրա, կամ նրանցից որեւէ մեկի վրա դրվող մեխանիկական պատասխանատվության, որովհետեւ նրանք ի վերջո կարող են օգտվել իրավիճակից: Ամբողջ հարցն այն է, թե արդյոք քաղաքական այդ դրվագում գործ ունենք պատահականության, իրադարձությունների զուգադիպության, թե՞ այդուհանդերձ ոչ պատահական ժամանակագրական պլանավորման հետ:

Ի վերջո, իրավիճակն անշուշտ ամենեւին ճակատագրական չէ Հայաստանի համար, բայց ինդիկատորային է, խմորվող եւ ծավալվող ներքին ու արտաքին հոսանքների շարժի հետեւելու տեսանկյունից:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am