Ակցիզային նոր դրոշմապիտակներն արդեն պատրաստ են, այժմ իրականացվում են դրանց մատակարարման աշխատանքները, որոնք շրջանառության մեջ կդրվեն արդեն ընթացիկ մայիսին: Պատասխանելով մեր հարցմանը՝ տեղեկությունը փոխանցեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Արման Զարգարյանը:

Առողջապահության նախարարությունն ավելի վաղ առաջ էր քաշել մինչեւ այժմ կիրառվող դրոշմապիտակների վտանագավորության հարցը՝ հղում անելով ծնողներից ու բժիշկներից ստացված բազմաթիվ ահազանգերին, որ այդ դրոշմապիտակները երեխաները կուլ են տալիս ու դրանք կպչում են շնչուղիներին: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ խոստացել էր, որ շրջանառության մեջ են դրվելու այնպիսի դրոշմապիտակներ, որոնք կլինեն շատ ավելի փափուկ, բարակ եւ հնարավորինս ամուր կկպչեն ապրանքներին:


Նոր դրոշմապիտակներն արտաքինից, ըստ էության, չեն տարբերվում հներից:

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ դրոշմապիտակի պոլիմերային թաղանթի հաստությունը՝ 36 մկմ (միկրոմետր ) է ( նախկինում եղել է 50 մկմ ), դրոշմապիտակի չափերը՝ 13 մմ x 17 մմ, տպգրության մեթոդը` բարձր, ֆլեքսոգրաֆիկ կամ օֆսեթ-գլանային տպագրություն, սոսինձը՝ հատուկ սոսինձ բարձր կպչողունակությամբ, որը կբացառի կրկնակի օգտագործումը. այն օգտագործվում է սննդամթերքի պիտակների արտադրության մեջ, չի պարունակում քաղցկեղածին նյութեր եւ թունաքիմիկատներ:

«Ապրանքների դրոշմավորման կանոնները սահմանվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 06․07․2017 թվականի N 773-ն որոշմամբ։ Վերոհիշյալ կանոնների 3-րդ կետի համաձայն, ՀՀ հարկային օրենսգրքին համապատասխան՝ ապրանքների դրոշմավորման պարտավորություն կրող անձինք ապրանքները դրոշմավորում են ինքնուրույն՝ համապատասխանաբար իրենց հաշվառման վայրի հարկային տեսչությունից կամ հաշվառման մաքսատնից ձեռք բերված դրոշմանիշերը (դրոշմապիտակները) այդ ապրանքների վրա փակցնելու միջոցով: Նոր դրոշմապիտակների տպագրության աշխատանքներն իրականացվել է «Էյ Էմ Փի Ջի Գրուպ» ՍՊԸ-ի կողմից»,- մանրամասնում է ՊԵԿ պաշտոնյան: