Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկու խնդրի՝ կրթությանը եւ եկեղեցու տնտեսական գործունեությանը:

«Մասնավորապես, ինչ վերաբերում է, օրինակ, կրթությանը. այս ոլորտում մեր օրակարգի հարցը, որ Մայր Աթոռն առաջարկել էր, Հայ Առաքելական Եկեղեցու պատմության հետ կապված հարցն է: Այստեղ առաջին հարցը, որ ծագում է, հետևյալն է. արդյոք մենք տարբերակո՞ւմ ենք Հայ Առաքելական Եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից, և եթե տարբերակում ենք, ինչո՞ւ ենք տարբերակում, և եթե տարբերակում ենք, ինչպե՞ս ենք տարբերակում, և այդպես շարունակ», ասել է նա:

Հայ Առաքելական Եկեղեցու պատմության առարկան հանրային բուռն քննարկումների թեմա է արդեն տեւական ժամանակ: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանի հարցադրումը, բացի առարկայական շեշտադրումից, պարունակում է խորքային շերտեր:

Բանն այն է, որ հայոց պատմության այն վարկածը, որը դասավանդվում է դպրոցներում, ըստ էության Հայ առաքելական եկեղեցու վարկածն է, մասնավորապես որպես աղբյուր եւ հիմք ունենալով եկեղեցական պատմագրությունը: Այս առումով, մակերեսին Նիկոլ Փաշինյանի հարցադրումը վերաբերում է հենց այս հանգամանքին, թե ինչու է առանձին դասավանդվում եկեղեցու պատմությունը:

Մյուս կողմից, այս պարագայում առնչվում ենք խորքային խնդիրների, որոնք վերաբերվում են եկեղեցական պատմագրության օբյեկտիվությանը եւ որպես սկզբնաղբյուր հավաստիությանը: Օրինակ, եկեղեցական պատմագիրները եւ աղբյուրները պատմական անցքերի շարադրումը եւ գնահատականները հիմնականում ներկայացնում էին իրենց պատկերացումների ու քաղաքական նախապատվությունների դիրքերից, նկատի առնելով այս կամ այն նախարարական տանը պատկանելությանը:

Պետք է նկատի առնել նաեւ, որ այդ ժամանակներում համատարած գրագիտություն չկար, եւ ուսում ստանում էին միայն եկեղեցիներում, այդպիսով ունենալով մենաշնորհ:

Այդպես կերտվում էին հերոսներ ու դավաճաններ, տրվում պատմական ներքին ու արտաքին կարեւորագույն իրադարձությունների պատճառահետեւանքային պարզունակ ու անհեթեթ մեկնություններ, որոնք էլ ըստ էության ընկած են հայ ժողովրդի պատմության ներկայիս կղերա-պաշտոնական վարկածի հիմքում:

Պետք է ասել, որ այդ վարկածը ձեռնտու էր թե եկեղեցուն, թե օտար նվաճողներին, քանի որ այն հեռու էր քաղաքական ազգի բնութագրից, փոխարենը հայերի մեջ արմատավորում էր բարդույթներ ու կարծրատիպեր սեփական խեղճության, անկարողության, անմիասնականության ու այլ անհեթեթությունների վերաբերյալ, որոնք ձգվում են մինչ օրս:

Հիմա օրինակ հայերը դժվար կհավատան, որ օրինակ Բյուզանդական կայսրությունը 400 տարի եղել է այսպես ասած հայկական՝ իշխել են հայկական դինաստիաներ, որ ռուսական պետությունը՝ Կիեւյան Ռուսիան, ստեղծել են այդ դինաստիաները, եւ շատ այլ բաներ, որոնք առնչվում են հայերի քաղաքական ու քաղաքակրթական հսկայական ներդրման մասին:

Այլ խորքային խնդիրներ էլ կան, որոնք վերաբերվում են Առաքելական եկեղեցու պատմա-քաղաքական դերին, որը լուրջ վերլուծությունների կարիք ունի: Եվ այդ պարագայում կարող է պարզվել, որ Առաքելական եկեղեցու պատմությունը պետք է իսկապես «անջատել» հայ ժողովրդի պատմությունից, հանել դպրոցական ծրագրերից, ինչպես փորձ է արվում բիզնեսն անջատել քաղաքականությունից:

Նիկոլ Փաշինյանի բարձրացրած երկրորդ կարեւոր հարցը վերաբերում էր հենց եկեղեցու բիզնեսին ու հարկային խնդիրներին: «Օրինակ, խնդիր կա անշարժ գույքի, գույքահարկի հետ կապված, և մենք պետք է հասկանանք, թե այստեղ ինչ մոտեցում ունենք: Արդյոք Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող գույքն այս առումով միասե՞ռ է, միատա՞րր է, թե՞ այնտեղ կան տարբեր սեգմենտներ, և արդյոք այդ սեգմենտների վերաբերյալ պետք է տարբերակվա՞ծ, թե՞ ընդհանուր մոտեցում ցուցաբերենք», ասել է նա:

Այս խնդիրը նույնպես սերտորեն կապված է Առաքելական եկեղեցու «պատմական դերի» հետ: Գործարքների գնալով նվաճողների հետ՝ եկեղեցին ստանում էր իշխելու իրավունք՝ տնտեսական այսպես ասած մենաշնորհներով: Դա հստակ երեւում է Հայաստանում եկեղեցաշինության բուռն ժամանակաշրջաններից՝ մոնղոլական, Շահ Աբասի ժամանակների, հայկական ժամանակակից քրեա-օլիգարխիայի, որն ըստ էության չէր տարբերվում օտար նվաճողներից, իր կոլաբորացիոնիստական բնույթը նկատի առնելով:

Իր հերթին, հայ ունեւորները հաճախ իրենց ունեցվածքը կտակում էին եկեղեցուն, որը տեղ ունի նաեւ ներկայում՝ հարկերից խուսափելու, անօրինական ունեցվածքը «լեգալացնելու» եւ այլ նպատակներով: Թերեւս սա նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ հարցնում է՝ արդյոք Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող գույքն այս առումով միասե՞ռ է, միատա՞րր է, թե՞ այնտեղ կան տարբեր սեգմենտներ:

Ցարական ժամանակաշրջանում, օրինակ, Կովկասի փոխարքայի տվյալներով, Հայ առաքելական եկեղեցին ուներ 100 միլիոն ոսկով ռուբլու կարողություն, որը ներկայիս «փոխարժեքով» կազմում է մոտ 3 միլիարդ դոլար:

Հայ Առաքելական եկեղեցու «պատմական դերը» կապված է հայկական պետականությունների անկման հետ: Ներկայում բացառիկ հնարավորություն է, որ Առաքելական եկեղեցին ոչ թե փոխարինի պետությանը, այլ առաջին անգամ իր գոյության ընթացքում աշխատի հանուն պետության՝ իր ցանցային բացառիկ կառույցով: Դրա համար պետք է վճարի հարկեր, ինչպես իր հավատավոր հոտը, անջատվի պետությունից ու լծվի իր հոգեւոր առաքելությանանը:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am