«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործող վարչության երկու անդամները՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը եւ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, չեն լինի նոր վարչությունում։ Նրանք երկուսն էլ վարչության ընտրություններին չեն առաջադրել իրենց թեկնածությունը։

Եթե Գարիկ Սարգսյանը վերահսկող մարմնի անդամ դառնալու հայտ է ներկայացրել, ապա Լենա Նազարյանն առհասարակ «բոյկոտել» է ինչպես կուսակցության ղեկավար կազմում տեղ ունենալը, այնպես էլ՝ վերահսկող մարմնում։ Փոխարենն առաջադրվել է Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը՝ Պետգույքի կառավարման կոմիտեի պետը։

Լենա Նազարյանը մեր հարցերին չպատասխանեց, իսկ ՔՊ մեր աղբյուրները փոխանցեցին, որ նա կուսակից ընկերներին իր չառաջադրվելը պատճառաբանել է, թե «գործը շատ է, չի հասցնում»։ Իսկ Արարատի մարզպետի մասին ասացին, որ ընկերներն են խորհուրդ տվել՝ հեռու մնալ «ավելորդ» աղմուկից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում