Ռոբերտ Քոչարյանի որդու եւ մարտի մեկին սպանված Գոռ Քլոյանի՝ Սարգիս Քլոյանի միջեւ առայժմ հանդիպում չի լինի։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Քլոյանը, պատասխանելով այն հարցին, թե Լեւոն Քոչարյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ձեզ հետ։

Սարգիս Քլոյանը հիշեցնենք, երեկ ասել էր, որ Լեւոն Քոչարյանին հանդիպելու դեպքում նրան ասելու էր․ «Ինչո՞ւ, որ ասեմ Աստված պահի Քոչարյանի բալեն, ո՞նց էր համը իմ ձագի: Դա եմ ուզում ասել իրեն»: «Ես պատրաստ եմ հանդիպել, բայց եկեք շոու չսարքենք այս ամեն ինչից: Այդ մարդկանց վշտի վրա 10 տարի ինչ-որ մարդիկ կոնկրետ քաղաքական դիվիդենտներ են քաղել:

Ես շատ ցավում եմ զոհերի համար, ինձ թվում է՝ զոհերի ընտանիքներից բացի նաև մենք ենք շատ տուժել, եթե նայում եք, գիտեք, թե 10 տարի ոնց ա էդ ամեն ինչը կապվել մեր հետ: Այսինքն՝ մենք էլ ենք տուժած: Ես ոչ մեկի հանդիպելուց չեմ խուսափում: Առաջին հերթին նրան կցավակցեմ, կասեմ, թե ինչի համար եմ ես ինքս ցավում, դեպքերի ու մնացածի հետ կապված»,- այսօր ասել էր Քոչարյանի որդին։ Սարգիս Քլոյանը հայտնեց, որ տեղյակ է Լեւոն Քոչարյանի հայտարարությունից։ «Նա առանձնապես բան չի ասել։ Ասել է, որ ցավում է․․ պատասխանս հետեւյալն է․ տասնմեկ տարվա մեջ մեկ անգամ քո պապան ցավակցե՞լ է մեզ, իմացել է, մենք ոնց ենք ապրում։

Դա է իմ պատասխանը»,- ասաց Սարգիս Քլոյանը, հավելելով, թե Լեւոն Քոչարյանը գտնում է, որ իրենք շահարկումներ են անում։ «Ես մարտի մեկի ցույցի մասնակից եմ եղել Լեւոն Քոչարյան, ես ամեն ինչ տեսել եմ իմ աչքով, մեզ ոչ մեկն էլ չի շահարկում։ Ընդհակառակը մենք ենք բողոքում։ Ես երբեք չեմ ասել, որ անձամբ Ռոբերտ Քոչարյանը գնդկահարել է մեր տղաներին, մենք բազմիցս ասել ենք, ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը հրաման չտվեց, որ չկրակեն ցուցարարների վրա։ Ինչու՞ բանակի զորքը հասցրեց Երեւան, սահմանը թուլացրեց, ոստիկաններն էլ տեսան բանակին՝ դուխովցան եւ կրակեցին»,- ասաց Սարգիս Քլոյանը, հավելելով, որ բուն դատական նիստի ժամանակ միգուցե հանդիպի Լեւոն Քոչարյանին, իսկ առանձին հանդիպում որպես այդպիսին չի կայանալու։ Подробнее: https://shabat.am/am/article/204094/11-tarva-mej-mek-angam