Վերջին շրջանում Արցախում քաղաքական ակտիվ գործընթացներ են ծավալվում: Մայիսի 8-ին Արցախում էր նաեւ Սերժ Սարգսյանը, որը մասնակցում էր տարբեր միջոցառումների՝ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի եւ նրա մերձավոր շրջապատի այլ անձանց հետ: Մայիսի 7-ին էլ Ստեփանակերտում տեղի ունեցավ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը, որի ժամանակ տարբեր ելույթներ էին հնչում՝ հիմնական թիրախ դարձնելով ՀՀ ներկա իշխանություններին: Օրերս թեմայի վերաբերյալ գրառում էր կատարել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տեղի ունեցող պրոցեսների մասին զրուցել ենք քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ:

- Պարոն Քանանյան, ի՞նչ պրոցեսներ են տեղի ունենում Արցախում: Նկատում ենք, որ Սերժ Սարգսյանն արդեն տեւական ժամանակ է՝ այդտեղ հանդիպումներ է ունենում, միջոցառումների է մասնակցում: Տեղեկություններ ունե՞ք, թե սա ինչով է պայմանավորված:

- Արցախում տեղի են ունենում վտանգավոր գործընթացներ։ Արցախի մնացորդային սերժսարգսյանական վարչախումբը, որը հեղափոխությունից հետո Երեւանի առաջին իսկ հորդորին ընդառաջ ողջ կազմով պատրաստ էր հրաժարական տալ, տեսնելով նոր կառավարության եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինչ-ինչ պատկերացումներով կամ հաշվարկներով պայմանավորված թողտվական վերաբերմունքը, հետզհետե «ուշքի» է եկել եւ եռանդով լծվել նոր իշխանության դեմ խարդավանքներին եւ Արցախի բնական հարստության ու բյուջեի վերջնանվագ թալանին։

Մայրաքաղաք Երեւանի դեմ Արցախում գործում են ե՛ւ ներքին ռեւանշին ձգտող ուժեր, ե՛ւ արտաքին շահագրգիռ տերությունը։ Ամիսներ շարունակ Արցախ անընդհատ այցելող միջին մակարդակի գործակալ «փորձագետները» (մասնավորապես հակահայ կայսերապաշտության գաղափարախոս Մոդեստ Կոլերովը), Բակո Սահակյանի նախաձեռնությամբ պարբերաբար հանդիպում են արցախյան գերատեսչությունների աշխատակազմերի հետ, հրահրում հակաերեւանյան տրամադրություններ եւ արտաքին աջակցություն խոստանում Հայաստանի նոր կառավարության դեմ ակնկալվող գործողություններում։ Անհիմն եւ միանգամայն անխոհեմ պատճառաբանություններով Արցախի ներքին կառավարման ուղիղ վարչաքաղաքական պատասխանատվությունից խուսափող նոր կառավարությունը կրակի հետ է խաղում՝ խորացնելով Հայաստանի ազգային անվտանգության դեմ առկա սպառնալիքները։

Բոլորը պետք է շատ հստակ եւ աներկբա գիտակցեն, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Բակո Սահակյանը որեւէ սրբություն կամ զսպող բարոյական արգելակ չունեն։ Հանուն իշխանությանը վերատիրանալու նրանք պատրաստ են վերջնականապես զոհաբերել Հայաստանի ինքնիշխանությունն ու հարազատ Արցախը։ Նրանք մինչեւ իսկ պատրաստ են ներսից փլուզել ռազմաճակատը, որպեսզի ռազմական պարտությունն էլ օգտագործեն ատելի նոր կառավարությունը տապալելու եւ ժողովրդից վրեժխնդիր լինելու համար:

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ: Ովքե՞ր են այդ ոմանք եւ ի՞նչ քայլեր են կատարում նրանք:

- Նախ՝ «Արցախի ժողովուրդը» գոյություն չունի․ գոյություն ունեն արցախաբնակ ՀՀ քաղաքացիներ, որոնք հայ եւ Հայաստանի ժողովրդի անբաժան մաս են, անգամ եթե ՀՀ նոր իշխանությունը նախորդների պես շարունակում է ոտնահարել նրանց՝ ՀՀ բարձրագույն իշխանությունը համապետական ընտրություններին մասնակցելու միջոցով ձեւավորելու սահմանադրական իրավունքը։ Առհասարակ՝ շատ ցավալի է, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք չգիտեն, որ Արցախն այսօր էլ ոչ միայն փաստացի, այլեւ իրավաբանորեն ՀՀ ինքնիշխան տարածքի անօտարելի մաս է։ Վերադառնալով վարչապետի գրառմանը՝ պետք է նշեմ, որ հենց նրա՝ 2018-ի հունիսին ի պաշտպանություն Բակո Սահակյանի կատարած հրապարակային քայլերը ոչ միայն օրրանում խեղդել են Արցախում սկիզբ առած հեղափոխական գործընթացները, այլեւ նոր հիասթափությունների, թալանի, քրեական տարրերի աշխուժացման եւ մի շարք ներկա եւ նախկին պաշտոնյաների պետական դավաճանության անուղղակի պատճառ են դարձել։ Այսուհանդերձ՝ հստակ քաղաքական կամքն այժմ էլ կարող է հեշտորեն շրջել իրադարձությունների ներկա բացասական ընթացքը։ Բայց խնդրի բուն՝ ըստ էության լուծումը Արցախի «անկախության» անհեռանկար եւ քայքայիչ հայեցակարգից հրաժարումն է։ Հայաստանում կան փորձագետներ, որոնք կարող են կազմել համապատասխան ճանապարհային քարտեզը։ Ընդ որում՝ սա որեւէ այլընտրանք չունեցող ուղին է։ Վաղ թե ուշ բոլորը կհամոզվեն։

- Օրերս Արցախում տեղի ունեցավ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորում: Այնտեղ բավականին կոշտ գնահատականներ էին հնչում, թիրախը ՀՀ իշխանություններն էին: Ո՞վ էր դրա հետեւում կանգնած եւ ո՞րն էր այդ ֆորումի նպատակը:

- Ֆորումը տարատեսակ սպառված եւ ռեւանշիստական ուժերի քաղաքական սնանկության վկայությունն էր եւ՝ լիովին մեռելածին ձեռնարկ։ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ձեւակերպումն ինքնին սադրիչ եւ բովանդակախեղ ոտնձգություն է Հայոց ինքնիշխան պետականության միասնության դեմ։ Արցախը Հայաստանի Հանրապետության անօտարելի մաս է։ Հայաստանն իր ինքնիշխան տարածքի մի մասի հետ չի կարող ոչ մի ռազմավարական դաշինք կնքել։ Վկա՝ ՀՀ բոլոր սահմանադրությունների հիմքում ընկած Անկախության Հռչակագիրը։ Ֆորումը դատարկաբան, մեռելածին խեղկատակություն էր՝ ամենայն դատապարտության եւ արհամարհանքի արժանի։

- Նկատելի է, որ վերջին շրջանում նախկին իշխանությունների հետ կապ ունեցող մարդիկ շատ են տալիս Վիտալի Բալասանյանի անունը: Արդյո՞ք սա նշանակում է, որ Բալասանյանը կարող է Արցախի գալիք նախագահական ընտրություններում լինել ՀՀ նախկին իշխանությունների նախընտրելի թեկնածուն:

- Մեր ունեցած միջնորդավորված տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանին եւ վերջինիս քրեաքաղաքական մերձավոր շրջապատին հրահանգել է ամեն կերպ պաշտպանել Վիտալի Բալասանյանի թեկնածությունը՝ 2020 թվականի միաժամանակ կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում։ Այսուհանդերձ՝ Արցախում սպասվող քաղաքական վայրիվերումներն առնչվելու են ավելի մեծ թվով անձանց եւ խմբակների նկրտումների հետ։ Արտաքին շահագրգիռ տերության գործակալները եւ տեղում նրանց սպասարկող սակավաթիվ քոչարյանական տարրերն ունեն Արցախը ներսից ապակայունացնելու եւ մնացյալ Հայաստանից իրավաքաղաքականապես տարանջատելու նպատակ, որի շրջանակում ազգի եւ պետության դեմ գլխավոր օգտագործվողի դերի համար պայքարում են միմյանց մրցակցող Սամվել Բաբայանն ու Վիտալի Բալասանյանը։ Միանգամայն սպասելի է, որ նրանց կմիանան նաեւ այլ հայտնի կամ դեռևս անհայտ բախտախնդիրներ, այդ թվում եւ տնտեսական հանցագործ, նախկին վարչապետ-պետնախարար Արայիկ Հարությունյանը։

Նոր իշխանությունը պետք է վայրկյան առաջ գիտակցի, որ չի կարողանալու խուսափել Արցախի ներքին եւ ուղիղ վարչաքաղաքական կառավարման համար պատասխանատվությունից։ Երեւանն ունի բոլոր անհրաժեշտ լծակները՝ Արցախում իրավիճակն օրինականության եւ կայունության դաշտ բերելու համար։ Արցախում սերժսարգսյանական մնացորդային ապապետական վարչակազմի իշխանության պահպանումը եւ վերարտադրությունը՝ ՀՀ ազգային անվտանգության դեմ ուղղված անմիջական լրջագույն սպառնալիքն է։ Արցախում Երեւանի համար «ոչ յուրային» վարչակազմի հարատեւումը գայթակղում է արտաքին շահագրգիռ տերությանը։ Նրա հավատարիմ դրածոյի կալանավորումը խորհրդանշաբար զորեղ ապտակ լինելուց բացի հարմար առիթ է շահարկելու Արցախի «ոչ ՀՀ-ապատկանության» խաղաքարտը։ Պատահական չէ, որ տխրահռչակ Մոդեստ Կոլերովը դեռեւս 2013 թվականի ամռանը սպառնում էր, որ եվրոասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում Ռուսաստան-Արեւմուտք աշխարհաքաղաքական հակամարտության բաժանարար գիծը «հարավկովկասյան» տարածաշրջանում անցնելու է ՀՀ-ԼՂՀ սահմանով:

- Ռոբերտ Քոչարյանն ու իր կողմնակիցներն ալյանս են ստեղծել: Արդյո՞ք այդ թիմի մաս են կազմում Արցախի այն ուժերը, որոնք ՀՀ իշխանությունների դեմ ինչ-ինչ քայլեր են ձեռնարկում:

- Բնականաբար քոչարյանական ձգտումները ե՛ւ մայրաքաղաք Երեւանում ե՛ւ Արցախում միեւնույն տրամաբանության եւ ռեւանշիստական ուժերի վրա են հիմնված: Պարզապես պետք է հասկանալ, որ առկա է ե՛ւ Սերժ Սարգսյանի անձնական ցանկությունն՝ Արցախում ունենալ հենց իրեն հարմար վերարտադրված իշխանություն, ե՛ւ արտաքին տերության՝ Ռոբերտ Քոչարյանին ու այլոց՝ հետհեղափոխական նոր կառավարության դեմ օգտագորելու ստվերային շահագրգռությունը։ Սերժ Սարգսյանին թվում է, որ բարենպաստ պայմաններում հնարավոր կլինի Բալասանյանի համար երկու փուլով անցողիկ ձայների շեմ ապահովել։ Արտաքին շահագրգիռ տերությունն, իր հերթին, այս փուլում փորձում է, որպես սադրիչ եւ ապակայունացնող գործոն օգտագործել Սամվել Բաբայանի ժամանակավրեպ ռեւանշիստական ձգտումները: Հատկապես՝ հաշվի առնելով, որ Սամվել Բաբայանի ստորագրությամբ ոմանց ենթադրությամբ Մոդեստ Կոլերովի հրապարակած «կարգավորման» նախագիծն ավելի վատթար է, քան անգամ տխրահռչակ Մադրիդյան սկզբունքները: Ներարցախյան քաղաքական դասավորումներում պետք է լրջորեն հաշվի առնել նաեւ նախկին վարչապետ-պետնախարար Արայիկ Հարությունյանի՝ Արցախում իշխանության հասնելու ակնհայտ ձգտումը։ Հիշյալ անձի գլխավոր հենարանը «հեղինակավոր» մերձքրեական շրջանակներն են, որոնց միջոցով նա փորձելու է ազդել բնակչության ազատ կամարտահայտման վրա: Ներկայումս նա նշանակալից դրամական միջոցներ է ծախսում՝ նշված մերձքրեական շրջանակների հավատարմությունն ու աջակցությունը գնելու նպատակով։ Բայց մինչեւ 2020 թվականի ամռանը կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն իրավիճակը դեռ կարող է բազմաթիվ անգամներ փոփոխվել:

- Ինչպե՞ս է վերաբերվում Արցախի ժողովուրդը կատարվող պրոցեսներին:

- Արցախաբնակ ՀՀ քաղաքացիները զարմանքով եւ տարակուսանքով արձանագրում են, որ Հայաստանի նոր իշխանությունը մինչ օրս միանգամայն անտարբեր է նրանց քաղաքացիական ճակատագրի նկատմամբ։ Արցախն առավել, քան որեւէ այլ ՀՀ մարզ իր վրա է կրել նախորդ ապապետական իշխանության թողած ծանր հետեւանքները։ Արցախի հասարակությունը երկուսուկես տասնամյակ՝ մեկուսացված, վարչական եւ ուժային կառույցների հարատեւ ճնշման ներքո՝ ռազմաճակատի անմիջական մերձավորությամբ ապրած, ապատեղեկատվության եւ բազմամյա ատելության քարոզի զոհ դարձած՝ քաղաքացիական շուտափույթ ազատագրման ենթակա հայաստանյան հանրության մի մասն է։ Հեղափոխության առաջին իսկ պտուղը պետք է լիներ հենց արցախցիների ներքին ազատագրումը, որն առանց Երեւանի պետական կամքի այս պայմաններում համարյա անհնարին է եւ պետք է իրականություն դառնա առանց որեւէ հապաղման։

 Նյութի աղբյուրը՝ Armtimes.com