ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Մաթեւոսյանը, որը նախկինում զբաղեցնում էր ՀՀ վարչական դատարանի նախագահի պաշտոնը, 2018 թվականին, նշանակվելով արդեն դատավորի պաշտոնում, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Այսպիսով՝ 2018 թվականի հունվարի 18-ին՝ պաշտոնը ստանձնելու դրությամբ, որպես անշարժ գույք հայտարարագրել է 3 հողամաս եւ 3 առանձնատուն: Ըստ հայտարարագրի՝ Մաթեւոսյանը չունի շարժական գույք: Դատավորը հայտարարագրել է նաեւ 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք կահույք:

Մաթեւոսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու դրությամբ կազմել են 104 մլն 315 հազար դրամ, 96 հազար դոլար եւ 4 հազար եվրո: 2018 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնը ստանձնելու օրը՝ հունվարի 18-ը, Մաթեւոսյանն ունեցել է 3 մլն 967 հազար 30 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

Մաթեւոսյանի կենսագրությունից պարզ է դառնում նաեւ, որ նա 1985 թվականից մինչեւ հիմա զբաղեցրել եւ զբաղեցնում է պետական պաշտոններ:

1985 թվականից մինչև 1994 թվականը աշխատել է Աշտարակի միջշրջանային դատախազության քննիչ, այնուհետև՝ Էջմիածնի միջշրջանային դատախազության քննիչ:

1997 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ։

2001 թվականից մինչև 2004 թվականը աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։

2004 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։

2004 թվականից մինչև 2008 թվականը եղել է ՀՀ Կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ:

2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ։

ՀՀ Նախագահի 2018 թվականի հունվարի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

 Նյութի աղբյուրը՝ Amtimes.com