Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանը դեռեւս Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր եղած ժամանակ՝ 2016-ին, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել պաշտոնը ստանձնելու ժամանակ իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Որպես անշարժ գույք Վարդանյանը հայտարարագրել է 1 բնակարան, 2 առանձնատուն, 2 հողամաս: Որպես շարժական գույք դատավորը հայտարարագրել է 1 ավտոմեքենա՝ «TOYOTA AVENSIS 2.0» մակնիշի:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Վարդանյանն ունեցել է հանձնած փոխառություններ՝ 26 մլն 73 հազար 588 դրամի չափով:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Վարդանյանը հայտարարագրել է 86 մլն դրամ, 97 հազար դոլար եւ 73 հազար եվրո միջոցներ:

2016-ի հունվարի 1-ից մինչեւ հուլիս Վարդանյանն ունեցել է ընդհանուր 37 մլն դրամ արժողությամբ 3 նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույք եւ 16 մլն 249 հազար 935 դրամի չափով եկամուտ, որից 13 մլն 500 հազար դրամը գոյացել է գույքը օտարելուց ստացված եկամտից, 1 մլն 254 հազար 666 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 1 մլն 495 հազար 269 դրամը, որպես եկամտի աղբյուր նշված է «այլ եկամուտներ»:

2018-ի մարտի 14-ին Վարդանյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2017-ի տարեկան հայտարարագիրը:

Այդ հայտարարագրից պարզ է դառնում, որ 2017-ի ընթացքում դատավորը 28 մլն 567 հազար 980 դրամի չափով 1 բնակարան եւ 1 մլն 710 հազար դրամի չափով 1 ավտոտնակ է ձեռք բերել:

Հարկային տարվա սկզբում Վարդանյանն ունեցել է 30 մլն 300 հազր 653 դրամի չափով եւ 71 հազար 127 դոլարի չափով հանձնած փոխառությունը, որը տարվա ընթացքում հետ է վերադարձվել:

Վարդանյանի դրամական միջոցները 2017-ի տարեսկզբում ունեցել է 87 մլն 200 հազար դրամ, 67 հազար 400 դոլար եւ 53 հազար եվրո, որը տարեվերջում դարձել է 83 մլն 400 հազար դրամ, 65 հազար դոլար եւ 53 հազար եվրո:

2017-ին Վարդանյանն ունեցել է 8 մլն 185 հազար 791 դրամի չափով եկամուտ, որից 6 մլն 92 հազար 397 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 2 մլն 93 հազար 394 դրամ, որպես եկամտի աղբյուր նշված է «այլ եկամուտներ»:

2019-ի մարտի մարտի 12-ին Գրիգորի Վարդանյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը: Այդ ժամանակ նա արդեն զբաղեցնում էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը:

2018-ին Վարդանյանը վաճառել է «TOYOTA AVENSIS 2.0» մակնիշի ավտոմեքենան 5 մլն 867 հազար դրամով եւ ձեռք է բերել «LEXUS GX 460» մակնիշի ավտոմեքենա՝ 15 մլն դրամով:

2018-ի սկզբում Վարդանյանի դրամական միջոցները կազմել են է 83 մլն 400 հազար դրամ, 65 հազար դոլար եւ 53 հազար եվրո, որը տարեվերջում դարձել է 75 մլն 200 հազար դրամ, 67 հազար 500 դոլար եւ 59 հազար եվրո:

Վարդանյանի եկամուտները 2018-ին կազմել է 14 մլն 337 հազար դրամ, որից 5 մլն 867 հազար դրամը գոյացել է ավտոմեքենայի վաճառքից, 3 մլն 551 հազար 361 դրամը եւ 2 մլն 786 հազար 839 դրամը գոյացել է 2 տարբեր աշխատավարձերից, իսկ 2 մլն 131 հազար 800 դրամը դարձյալ անհայտ է, թե որտեղից է գոյացել, քանի որ որպես եկամտի աղբյուր նշված է՝ «այլ եկամուտներ»:

Վարդանյանի աները Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Սեդրակյանն է: 2019-ի մարտի 29-ին Սեդրակյանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2018-ի տարեկան հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ նա ունի 22 մլն դրամ, 89 հազար դոլար եւ 20 հազար եվրո: 2019-ին Սեդրակյանն ունեցել է 8 մլն 435 հազար 135 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է 2 տարբեր աշխատավարձերից: