NEWS.am–ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին Երեւանի Նորք–Մարաշ թաղամասի տներից մեկում 25–ամյա Էլեն Սիմոնյանին դաժանաբար սպանելու համար կասկածվող 28–ամյա Արսեն Նազարյանը ցուցմունք է տվել և հայտնել սպանության շարժառիթը։
Տղամարդը քննիչներին պատմել է, որ սպանվածի հետ սիրային կապի մեջ է եղել։ Դեպքի օրը տարբեր հարցերի.շուրջ վիճել է կնոջ հետ, միմյանց չեն հասկացել՝ սպանել է։
Նշենք, որ երիտասարդ աղջիկը մեջքի շրջանում դանակի 10-ից ավելի հարված է ստացել։
NEWS.am–ի տեղեկություններով՝ սպանվածը Նոր Նորքի բնակիչ է, խնամքին ուներ մանկահասակ երեխա։
Մեր տեղեկություններով՝ Էլեն Սիմոնյանի և նրա ամուսնու վերաբերյալ ներկայումս քրեական գործ է քննվում դատարանում։ Նրա ամուսինը կալանքի տակ է։
Սիմոնյանը մեղադրվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն կատարելու և բնակարանային գողություն կատարելու համար։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հունիսի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել: Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր սավանով և պոլիէթիլենով փաթաթված Երևանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին: Դիակի վրա կային մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված էր:
Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1–ին մասի՝ սպանության հատկանիշներով։