Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները ահազանգում են՝ համայնքի ավագանու որոշմամբ կրճատվելու է մանկապարտեզում երեխաների սնունդի համար ծախսվող գումարը։ Ծնողները մտահոգ են, որ այդ որոշումը կարող է բերել մանկապարտեզ հաճախող երեխաների թերսնման եւ, ի վերջո, ծնողները ստիպված են լինելու երեխաներին մանկապարտեզ չուղարկել։

NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանը պատմեց, որ մտահոգությունը տեղին է, քանի որ ավագանին պահանջել է ավելի քիչ գումար ծախսել մանկապարտեզի համար գնվող սնունդի վրա, որն իր հերթին կապահովվի հատկացված միջոցների հետբերումը բյուջե. «Նախկինում եթե մեկ երեխայի հաշվով միջինը ծախսվում էր 380-400 դրամ, այժմ ավագանին պահանջում է, որ միջինը ծախսվի 330 դրամ, որպեսզի ապահովեն միջոցների հետվերադարձը բյուջե»։

Համայնքապետը հայտնեց, որ համայնքային բյուջեից մանկապարտեզին հատկացվող գումարը շատ քիչ է կրճատվել նախորդ տարվա համեմատ. «2018 թվականին հատկացվել է 27 միլիոն դրամ, այս տարի հատկացվելու է 25.5 միլիոն դրամ, բայց պետք է հաշվի առնել, որ հաստիքներ են նաեւ կրճատվել մանկապարտեզում»։