Բնապահպանի տուն ֆեյսբուքյան էջը գրում է. «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Դիլիջան» ազգային պարկի ծառագողերի լկտիությունը հասել է անասելի մակարդակի։ Մեկ օրվա մեջ եղել է երկու զզվելի դեպք.

1. Առանց համարների վիլիս մեքենան Հաղարծին վանքից դեպի մայրուղի ընկած ճանապարհի վրա հանդիպակաց քշել է անտառի հսկողություն իրականացնող մեր թիմի անդամներից մեկի վրա այնքան ժամանակ, որ մեր ընկերը վթարից խուսափելու համար մոտոցիկլետով ճանապարհից թռել է դուրս, վնասել ձեռքը և կոտրել մոտոցիկլետը։ Սա կարող ենք հանգիստ որակել որպես սպանության փորձ։ Ու սա միակ դեպքը չի։ Նրանք գիտեն, որ ոչ ոք չի փորփրի այնքան, որ իրենց ինքնությունը պարզի։ Բայց սխալվում են։ Նման անասունների քթից բերելու ենք։

2. Մեր թիմից երկու հոգու ներկայությամբ անտառի հսկողություն իրականացնող անտառապահին, ով մի քանի անձանց բռնել էր հատված ծառի տարածքում, մեր ու հեր հայհոյելուց հետո այդ անձինք նաև սպառնացել են որ կթափեն նրա տղայի փորը ու կլցնեն նրա առաջ և այլն։ Այդտեղ ներկա են եղել նաև ազգային պարկի այլ աշխատակիցներ և ոչ մի կոնկրետ քայլեր չեն ձեռնարկել, չեն պաշտպանել իրենց կոլեգայի ինքնասիրությունը։ Չգիտենք նաև թե արդյոք նրանք այդ ամենի մասին ասել են իրենց տնօրինությանը թե ոչ։ Այ այսպես են պահում նրանք մեկը մյուսի թասիբը, այ այսպես են ապահովում միմյանց անվտանգությունը։ Սրանից հետո խեղճ անտառապահը էլ ոնց դուխ անի ու ծառագողների դիմացը փակի։

Մենք գիտենք մեզ սպառնացող վտանգների մասին, գիտենք համատարած անտարբերության մասին, բայց նաև ունենք ընկերներ, ովքեր մեր կողքին են անհրաժեշտության դեպքում։ Մեր փողոցի, բակի, կաբինետներում ու պաշտոնական աթոռներին նստած ԲՈԼՈՐ ընկերներին, համախոհներին կոչ ենք անում քնից արթնանալ ու մեկընդմիշտ վերջ տալ էս հիմարությանը, որովհետև մենք մեր թիմով ոչ մի վտանգի առաջ չենք կանգնելու անտառների փրկության համար։ Ու եթե դուք այնպես չանեք, որ օրենքը վերջապես ամենայն խստությամբ աշխատի, ու մեր բոլորի անտառները պաշտպանված լինեն, ապա մենք կսկսեն իսկական պատերազմը ճիշտ նույն ագրեսիվ ձևով, ինչը որ մեր դեմ անում են ծառագողերը։
Թե պիտի այնքան սպասեք, որ մեր անտառներն էլ Սևանա լճի օրն ընկնեն ու սկսենք դրսից փող մուրալ գոնե ինչ-որ բան փրկելու համար։ Եթե պիտի սպասեք, տեղյակ ենք պահում որ այդ օրը եկել է։ Չնայած ձեզանից շատերն այդ խնդրի մասին էլ տեղյակ են վաղուց»։