Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter միկրոբլոգում մի քանի գրառում է արել Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնված «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մասին. «Այն մարդիկ ովքեր ոգևորված են S-400-ների առքով, ինչպես նաև Ռուսաստանից Թուրքիայի կախվածությամբ, խորհուրդ եմ տալիս կարդալ Օսմանյան կայսրության պատմությունը։ Կամ էլ թող նրանք ուշադրություն դարձնեն Ուկրաինային և Վրաստանին, որոնք փորձում են ազատվել ռուսական կախվածությունից։ Մենք, անշուշտ, պետք է ազատվենք ամերիկյան կախվածությունից, սակայն չպետք է նաև կարկուտի տակ ընկնեն: Այսուհետ Էրդողանը բանվորների, ծառայողների՝ թոշակ ստանալու պահանջներին ի պատասխան կասի. «Դուք գիտե՞ք, թե S-400-ների համար որքան ենք վճարել»,- գրել է Փայլանը։

Հաջորդ գրառման մեջ, խոսելով S-400-ների բարձր գնի մասին, Փայլանը նշում է, որ բնական գազի հարցով Թուրքիան կախում ունի Ռուսաստանից: Աքքույու ատոմակայանի վերաբերյալ Ռուսաստանի հետ ստորագրած պայմանագիրը երկու անգամ թանկ է S-400-ներից և այն հասնում է 40մլրդ դոլարի, գրում է Ermenihaber.am-ը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը արդեն 9-րդ ինքնաթիռն է ուղարկել Թուրքիա, որոնցով մատակարարվել են S-400-ների մասերը։ Գործարքի դեմ հանդես է գալիս ԱՄՆ-ն՝ սպառնալով մի շարք պատժամիջոցներով։