Երգչուհի Սոնա Շահգելդյանը վաղուց գրանցված է որպես աշխատող եւ հարկեր է վճարում: «Ես աշխատում եմ, ունեմ կոնկրետ վայրեր, որտեղ ամենօրյա միջոցառումների եմ ներկայանում ու գրանցված եմ, ամեն ինչ անում եմ օրինական դաշտում: Տարիներ շարունակ ես իմ հարկերը մուծել եմ»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շահգելդյանը:

Երգչուհու համոզմամբ, եթե կա օրենք, ապա այն բոլորի համար պետք է գործի, եւ բոլորովին նշանակություն չունի՝ դերասան ես, երգիչ, թե հասարակ բանվոր: «Շատ ողջունելի է, որ մեր երկրում սկսել են ամեն ինչ օրինական կերպով անել, ուղղակի ամեն մեկը մի ձեւ է արձագանքում: Ես չեմ կարող մնացածի տեսակետի փոխարեն պատասխանեմ, ես իմ անունից եմ խոսում: Ինքս նման խնդիր չունեմ, ինչքան ապրել իմ երկրում, ինչքան երգել եմ, իմ հարկը միշտ վճարել եմ: Որտեղ էլ աշխատել եմ, եկամուտիցս պահվել է»,-ասաց երգչուհին:

Սոնա Շահգելդյանը նկատեց, որ իրենց բնագավառում էլ այսօր շատերը կան, որ ապրելու նվազագույն միջոցներն են անգամ դժվար վաստակում, ընդ որում, այդ մարդիկ ոչ պակաս տաղանդավոր են:

«Մարդ կա՝ առավոտից երեկո ավելի տաժանակիր աշխատանք է անում, այդ մարդիկ ինչ է՝ հարկ չե՞ն վճարում, իհարկե, վճարում են: Նույնը պետք է լինի մեր դեպքում»,-նկատեց երգչուհին:

Սոնա Շահգելդյանը եւս մատնանշեց օրենքով դեռեւս չկարգավորված եւ շոու բիզնեսի ներկայացուցիչների համար անհասկանալի որոշ դրույթներ: Մասնավորապես որ շատ դեպքեր են լինում, երբ երգիչը իր բարեկամների կամ իր մոտիկ ընկերոջ համար անվճար է երգում որեւէ հաստատությունում. «Այդ ժամանակ ինչպե՞ս է լինելու, ինչպե՞ս է վճարելու, անվճար երգի, մի բան էլ պետությանը գումա՞ր տա»:

 Նյութի աղբյուրը՝ Armtimes.com