Կա տարածված կարծիք, այդ թվում իհարկե հիմնված նաեւ արդեն իսկ կատարվող որոշակի իրադարձությունների եւ արվող հայտարարությունների վրա, որ նախկին իշխող համակարգը փորձում է նոր իշխանության դեմ պայքարել համընդհանուր քաոս գեներացնելու տրամաբանությամբ:

Ստեղծելով անկառավարելիության տպավորություն, նախկին իշխող համակարգը փորձում է գցել նոր իշխանության, մասնավորապես վարչապետ Փաշինյանի վարկանիշն ու օգտվելով դրանից ավելացնել ճնշումը: Այդ մտադրությունն ու մարտավարությունն իրապես նկատելի է:

Իր հերթին, նույնքան նկատելի է այն, որ նախկին իշխող համակարգի այդ ջանքը հմտորեն փորձում է նույն այդ համակարգի դեմ օգտագործել նոր իշխանությունը, եւ զգալի հաջողությամբ: Բումերանգի էֆեկտը առայժմ աշխատում է նախկին համակարգի դեմ: Դրա մասին վկայեց նաեւ օրերս հրապարակված Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած սոցհարցումը, ըստ որի Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ավելի քան 72 տոկոս էր, իսկ նախագահ Արմեն Սարգսյանինը՝ մոտ 81 տոկոս: Արմեն Սարգսյանի հանգամանքն էլ այստեղ հետաքրքիր է, որովհետեւ Սարգսյանը նույնպես նախկին համակարգի թիրախում է, այն էլ կոշտ թիրախավորմամբ:

Չնայած բումերանգի նկատելի հարվածին, ակնհայտ է, որ նախկին համակարգը, կամ դրա տարբեր շրջանակներ, հետեւողական եւ համառ շարունակում են մարտավարությունը: Սա մի կողմից պայմանավորված է այլ անելիք չունենալու, մյուս կողմից՝ այլ պատկերացում չունենալու հանգամանքով:

Չի բացառվում, որ նախկին համակարգի տարբեր խմբեր կամ տարբեր անհատներ ունեն այդ մարտավարության տարբեր մոտիվացիա: Օրինակ, Սերժ Սարգսյանը կարող է շահագրգռված լինել այդ «բումերանգի» էֆեկտ խթանելով, որովետեւ հեղափոխության ամրությունը նրա համար կարող է լինել հետիշխանական անվտանգության երաշխիք: Բանն այն է, որ համաշխարհային պատմությունն ունի ոչ միայն գիլյոտինների, այլ նաեւ իշխանությունը հանձնելու դեպքում անվտանգ հեռացումների պրակտիկա, որի շնորհիվ հնարավոր են դառնում անարյուն հեղափոխություններն ու իշխանափոխությունները:

Առավել եւս, որ բումերանգի էֆեկտը Սերժ Սարգսյանին անձամբ կարծես թե չի սպառնում մեկ այլ առումով: Նա առանց այդ էլ ամենակենտրոնական եւ ամենակոշտ թիրախում էր տասը տարի: Ըստ այդմ, նա դրան վարժվելու խնդիր չունի: Խնդիր ունեն նախկին իշխող համակարգի մյուս ներկայացուցիչները:

Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, բումերանգի էֆեկտից կարող է նույնիսկ նյարդայնանալ, ինչի որոշակի նշույլներ նաեւ դրսեւորվել են՝ ուղղակի եւ անուղղակի: Ըստ այդմ, քաոսի մարտավարության նրա շարժառիթը «անկեղծ ինքնապաշտպանական» է: Բայց, առայժմ էֆետիվ է պայմանական սերժսարգսյանական շարժառիթը: Եվ թերեւս դեռ երկար ժամանակ կլինի այդպիսին:

Այդ ներանձնային կամ միջանձնային շարժառիթային բազմազանությունից վեր, կա մի հարց՝ քաոսի կամ անկառավարելիության այդ մարտավարության նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վաղ թե ուշ հեռացնե՞լն է, թե՞ պարզապես նրան փոխզիջման եւ լայն պայմանավորվածությունների դաշտ բերելը, խաղի նոր կանոնների մշակումը:

Որովհետեւ, եթե Ռոբերտ Քոչարյանը կամ որեւէ մեկը կարծում է, թե հնարավոր է լինելու «քաոսով» հեռացնել Փաշինյանին եւ կառավարել, ինչպես առաջ, ապա դա ծայրահեղ անհամարժեքություն է թե ներհայաստանյան, թե միջազգային իրողություններին:

Փաշինյանին քաոսով հեռացնելու դեպքում անգամ՝ եթե դիտարկենք տեսական կանավարկածային տարբերակ, որեւէ մեկը չի կարողանալու հետո իր կառավարումից հեռացնել քաոսը: Եվ ի վերջո հարկ է լինելու նստել ու պայմանավորվել օրենքի շուրջ: Այն, ինչ գործնականում այժմ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am