ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոնը հուլիսի 22-23-ը իրականացրել է Սեւանա լճի ջրի որակի հերթական մոնիթորինգը. ջրի որակի հետազոտություններն իրականացվել են Մեծ եւ Փոքր Սեւանների ամբողջ ծավալով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալի օգնական Դիանա Երիցփոխանցը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Համաձայն դաշտային ուսումնասիրությունների եւ առաջնային ֆիզիկաքիմիական անալիզների արդյունքների Սեւանա լճում լուծված թթվածնի պարունակությունը մակերեւութային շերտում 5-6 մգ/լ է, իսկ հատակամերձ շերտում (Մեծ Սեւանում 20-30մ խորություններում, իսկ Փոքր Սեւանում՝ 60-80մ) 4-5 մգ/լ: Թթվածնի դիտված քանակությունը բավարար է ջրային կենդանական աշխարհի պահպանման համար: Հատակամերձ շերտում թթվածնազրկություն (anoxia) չի դիտվում:

Լճի մակերեւութից մինչեւ 20 մ խորություն ֆոսֆորը ամբողջովին յուրացվել է ջրիմուռների կողմից եւ ծաղկման պրոցեսը ավարտված է: Լճում սկսվել է ջրիմուռների քայքայման պրոցեսը, ինչն ուղեկցվում է կալցիումի ակտիվ անջատմամբ եւ լճում պղտորության առաջացմամբ: Այս պրոցեսների արդյունքում Մեծ Սեւանում ջրի թափանցիկությունն ըստ Սեկի դիսկի 3.5-5 մ է, իսկ Փոքր Սեւանում՝ համեմատաբար ցածր է՝ 1.0-2.8 մ»: