Վթարի նախնական վարկածներից մեկը համաձայն` վարորդի հոգնածությունն է. պատահարից րոպեներ առաջ 59–տարեկան տղամարդուն կանգնեցրել են նախազգուշական ակցիայի շրջանակում։

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը, տեղի ժամանակով 02.30–ին սարսափելի վթար է տեղի ունեցել Ստավրոպոլում. բեռնատարի ու ուղևորատար ավտոբուսի բախման հետևանքով մահացել են հինգ մարդ, տուժել` 18–ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տարածաշրջանի ՌԴ ՆԳՆ պետավտոտեսչությանն ու նահանգապետի մամուլի ծառայությանը։

Վթարը տեղի է ունեցել «Աստրախան–Էլիստա–Ստավրոպոլ» ավտոմայրուղու 420–րդ կիլոմետրում։ Նախնական տվյալով` 23 ուղևորով Վոլգոգրադից Ստավրոպոլ մեկնող ավտոբուսի վարորդը անհայտ պատճառներով հանդիպակաց հատված է դուրս եկել ու բախվել Renault մակնիշի բեռնատարին։

«Այժմ հայտնի է հինգ մահացածի մասին, նրանց թվում է նաև բեռնատարի վարորդը։ Վիրավորների թիվը դեռ պարզվում է, նախնական տվյալով` տուժել են ուղևորներից 14-ը։ Նրանք շրջանային հիվանդանոց են տեղափոխվել», – հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ պետավտոտեսչությունից։

Նախնական վարկածներից մեկի համաձայն` վթարի պատճառը վարորդի հոգնածությունն է եղել . վթարից րոպեներ առաջ 59–տարեկան տղամարդուն կանգնեցրել են «Ղեկին քնել» նախազգուշական ակցիայի շրջանակում։

Այժմ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություները։