82 տարեկանում մահացել է գրականագետ Հասմիկ Աբեղյանը՝ ականավոր հայագետ Մանուկ Աբեղյանի թոռը: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտից:

Հասմիկ Աբեղյանի հոգեհանգիստը կկայան օգոստոսի 9-ին, ժամը 18.00-20.00 Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հուղարկավորությունը՝ օգոստոսի 10-ին՝ Կորյունի 6 ա շենքից, ժամը 13.00-ին:

Հասմիկ Աբեղյանը, 1959թ. ավարտելով Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, աշխատանքի է անցել Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի բնագրագիտության բաժնում:

1973թ. թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել ‹‹Ավետիք Իսահակյանը և ժողովրդական էպոսը›› թեմայով:

1980-ական թվականներից Հասմիկ Աբեղյանը նվիրվել է Հովհաննես Թումանյանի 10 հատորով երկերի լիակատար ժողովածուի կազմման աշխատանքին, որի ավարտից հետո մասնակցել է Թումանյանի կյանքի և ստեղծագործության քառահատոր տարեգրության կազմմանը:

1960 թվականից լինելով թատերական գործիչների միության անդամ՝ մոտ երեք տասնամյակ Հայկական հեռուստատեսության մանկապատենական հաղորդումների բաժնում և ‹‹Հայֆիլմ›› ստուդիայում մասնակցել է տարբեր դերերի ձայնագրմանը և հայկական ֆիլմերի ու մուլտֆիլմերի հայերեն կրկնօրինակմանը, որոնցից հայտնի է հատկապես ‹‹Պինգվին Վինը››:

2015թ. լույս է տեսել նրա ստեղծագործական անցած ուղու հանրագումարը եղող ‹‹Օրերս ինձ հետ են›› հուշագրությունը, իսկ 2017թ. ‹‹Համբուրգյան մտորումներ››՝ Գերմանիայից ստացված տպավորությունների գրքույկը: