Երեւանում «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետևանքով նախնական տվյալներով տուժածների թիվը հասել է 6-ի: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ, 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։

Եվս 2 տուժած տեղափոխվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ Առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ։

Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:

Դեպքի վայրում է նաեւ «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը: Քաղաքացիները, որոնք ամենայն հավանականությամբ, «Մալաթիա մոլ»-ի աշխատակիցներ են, իրենց վտանգելով ներսից դուրս են բերում վաճառքի ենթակա ապրանքները, այդ թվում կահույք, կենցաղային տեխնիկա, հեծանիվներ, կահույքի հումք եւ այլն:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, ինչպես նաեւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի: