Օգոստոսի 31-ի գիշերը Թբիլիսիի մոտակայքում վթարի ենթարկված՝ Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի ուղևորներից երկուսը շարունակում են մնալ Թբիլիսիի «Նյու Հոսփիթալ» հիվանդանոցում:

Հիվանդանոցից «Ալիք մեդիային» փոխանցել են, որ հիվանդներից երկուսի վիճակը բժիշկները շարունակում են գնահատել կայուն ծանր: Նրանց տեղափոխման համար հարազատները համաձայնություն չեն տվել։ Նույն հիվանդանոց տեղափոխված 8 ուղևորներից 5-ն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս էին գրվել:

Ավելի վաղ վրաստանյան գործընկերների հետ խորհրդակցության արդյունքում որոշում էր կայացվել վթարից տուժած 4 քաղաքացու Հայաստան տեղափոխել: Հայաստանից ռեանիմոբիլներով 3 բժշկական խումբ է ուղարկվել Թբիլիսի: Այս մասին ֆեյսբուքում գրառում էր արել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 02։00-03։00-ի սահմաններում, Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը Թբիլիսի չհասած վթարի էր ենթարկվել: Վթարի հետևանքով 2 մարդ էր զոհվել՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա.-ն և Մ.Ս-ն։ Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Թբիլիսիի հիվանդանոցներ։