Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների բալային համակարգը, որ նախատեսվում է ներդնել Հայաստանում, ունի վարորդական իրավունքը վերադարձնելու կարգավորումներ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։

Նրա խոսքերով՝ եթե վարորդն առաջին անգամ վատնել է տրված 9 միավորը և 6 ամսով զրկվել է վարորդական իրավունքից, ապա նշված ժամկետի 3 ամիսը լրանալուց հետո նա կարող է տեսական քննություն հանձնել և վերադարձնել մեքենա վարելու իրավունքը։

Նույնիսկ այն դեպքում, երբ վարորդը դեռ չի սպառել 9 միավորը, սակայն քիչ միավորներ ունի, կարող է նորից քննություն հանձնել։ Այդ դեպքում նրան կվերադարձվի 2 միավոր։