K2-18b մոլորակի մթնոլորտում աստղագետներն առաջին անգամ հեղուկ վիճակում ջուր են հայտնաբերել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Գիտնականները սա «գլխապտույտ» հայտնագործություն են համարում:

Մոլորակը պտտվում է իր աստղի շուրջ, այսպես կոչված, բնակելիության գոտում: Համակարգչային մոդելավորումը թույլ է տալիս ենթադրել, որ այդ մոլորակի մթնոլորտի մինչև 50%-ը կազմված է ջրից, իսկ ջերմաստիճանն, ըստ Ցելսիուսի, 0-40 աստիճանի սահմաններում է, ինչը թույլ է տալիս, որ ջուրը մնա հեղուկ վիճակում:

K2-18b մոլորակը հայտնաբերվել է 2015-ին՝ Առյուծի համաստեղությունում գտնվող կարմիր գաճաճի համակարգում: Այն ընդամենը երկու անգամ է մեծ Երկիր մոլորակից և գտնվում է մեզնից 110 լուսային տարի հեռավորության վրա: Դա չափազանց հեռու է այնտեղ սարք ուղարկելու համար:

Գիտնականները հույս ունեն առաջիկա 10 տարիների ընթացքում ստեղծել աստղադիտակների նոր սերունդ, որոնք կկարողանան վերլուծել K2-18b-ի մթնոլորտի գազերի պարունակությունը և որոշել՝ արդյոք դրանց շարքում կան գազեր, որոնք առաջացրել են կենդանի օրգանիզմները:

Ի դեպ, գիտնականները ջուր հայտնաբերել են այլ մոլորակներում ևս, սակայն այնտեղ կյանքի համար ջերմաստիճանը կա՛մ չափազանց ցածր է եղել, կա՛մ չափազանց բարձր: