Ադրբեջանական կողմի առաջարկը ոչ միայն անհեթեթ է, այլեւ բարոյականության եւ Միջազգային մարդասիրական իրավունքի ուղղակի խախտում է։ Այս մասին ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝  մեկնաբանելով Ադրբեջանի պետհանձնաժողովի հայտարարությունը։

«Հատկանշական է, որ դիմումը միջազգային կառույցներ, ինչպես երեւում է հայտարարությունից, ուղարկվել է սեպտեմբերի 11-ին։ Դրանով իսկ ադրբեջանական կողմը ենթագիտակցաբար մատնում է իր ահաբեկչական նկրտումները՝ ցինիկություն է այն օրը, երբ ամբողջ աշխարհը նշում է ահավոր ահաբեկչական գործողության տարելիցը, պահանջել վերադարձնել ահաբեկիչներին»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։


Արցախի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հիշեցրել է, որ խոսելով իրենց ահաբեկիչների փոխանակման մասին՝ Ադրբեջանի իշխանությունները նշում են իրենց կողմից գերության մեջ պահվող հայ քաղաքացիական անձանց մասին, միեւնույն ժամանակ, դրանք այն մարդիկ են, որոնք, ի տարբերություն Ասքերովի եւ Գուլիեւի, որեւէ վատ բան չեն արել ադրբեջանական պետության եւ ժողովրդի դեմ։ «Նրանք պարտավոր են բաց թողնել այդ մարդկանց, դա է բոլոր հնարավոր կոնվենցիաների եւ միջազգային նորմերի պահանջը»,- ասել է Դավիթ Բաբայանը։

«Ինչ վերաբերում է Ասքերովին եւ Գուլիեւին, այս մարդիկ ծանր հանցագործություններ են կատարել, այդ թվում անչափահասի սպանություն։ Նրանք դատարանի կողմից միջազգային դիտորդների, իրավապաշտպանների եւ ԶԼՄ-ների մասնակցությամբ բաց դատավարությամբ են դատապարտվել»,- հիշեցրել է Բաբայանը։

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները հող են նախապատրաստում էլ ավելի նողկալի գործողությունների համար, եւ չի բացառվում, որ ահաբեկիչների վերադարձնելուն հասնելու համար կարող են դիմել հայ պատանդների առեւանգման, այդ թվում արտասահմանում։ Նման միտումներին հակազդեցությունը, նշել է Դավիթ Բաբայանը, պահանջում է պետական կառույցների, կազմակերպությունների եւ գործընկեր երկրների էլ ավելի համախմբվածություն։

Միաժամանակ, Դավիթ Բաբայանը փաստել է միջազգային իրավասու կառույցների լիակատար անգործությունն ի պատասխան Ադրբեջանի ցինիկ հայտարարությունների։ «Ոչ ոք անգամ որեւէ նկատողություն չի արտահայտել»,- ամփոփել է Բաբայանը։

Նշենք, որ փոխանակում առաջարկելով՝ Բաքվում «մոռացել» են երրորդ գերու՝ Արցախի քաղաքացի Արսեն Բաղդասարյանի մասին։