Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը ըստ էության վերածվել է ներքաղաքական «ջոկերի»: Թե որքան կպահպանվի նրա այդ կարգավիճակը, միարժեք ասելը բարդ է, որովհետև Հայաստանում իրադարձությունները զարգանում են բավականին անկանխատեսելի և արագ, դինամիկ սցենարով և իրավիճակի լոկալ փոփոխությունները հաճախ են հաջորդում միմյանց: Առայժմ, սակայն, Վանեցյանը «ջոկերի» կարգավիճակում է և հարց է, թե ո՞ւմ կմիանա, ո՞վ կօգտագործի այդ «ջոկերը» իր խաղի համար: Իհարկե, մեկ այլ հարց է, թե արդյո՞ք նա ինքը չի սկսի իր սեփական քաղաքական խաղը: Քանի դեռ այդ հարցում չկա որոշակիություն, և ԱԱԾ նախկին պետը փակ է պահում իր քաղաքական հավակնության վարագույրը, իրադրությունը հնարավոր է գնահատել առավելապես ենթադրության մակարդակում:

Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ նախկին պետը հանդիպել է ԲՀԿ նախագահ Ծառուկյանի հետ: Վարագույրը դարձյալ փակ է, և թե՛ Ծառուկյանը, թե՛ Վանեցյանը որևէ կերպ չեն արձագանքել այդ տեղեկությանը, առավել ևս հայտնի չէ հանդիպման բնույթն ու մանրամասները: Այն կարող է լինել ֆուտբոլային, կարող է լինել քաղաքական, իսկ գուցե նաև բիզնես, որովհետև մամուլում տեղեկություններ են եղել նաև Վանեցյանների ընտանիքին պատկանող բիզնեսների մասին, և ԱԱԾ պետի պաշտոնը թողնելուց հետո Արթուր Վանեցյանը կարող է այսպես ասած՝ անկաշկանդ զբաղվել նաև այդ կարգի հարցերով: Առավել ևս, որ այդ հարցերը կարող են նաև առնչություն ունենալ ֆուտբոլային կյանքին: Միևնույն ժամանակ, Ծառուկյան-Վանեցյան հանդիպման մասին տեղեկության ֆոնին, կախված իհարկե դրա վերաբերյալ, այսպես ասած, պաշտոնական մեկնաբանություններից, հետաքրքիր կլինի, թե է՞լ ինչ հետպաշտոնական հանդիպումներով կարող է աչքի ընկնել ԱԱԾ նախկին պետը: Նա կարծես թե փակել է նախկին իշխանության հետ հաղորդակցության ճանապարհը, համենայնդեպս, քաղաքական հաղորդակցության հեռանկարի առումով:

Ակնառու է, որ Վանեցյանն այստեղ անելիք չունի որևէ առումով: Եթե նա որևէ առնչություն ուներ նախկին իշխանության քաղաքական ծրագրերին, կամ կարող էր ունենալ, ապա գերազանցապես «անտեսանելի ճակատում»:


Այս տեսանկյունից, Վանեցյանն առավելագույնը կարող է ինչ-ինչ տեղեկատվություն փոխանցել նախկին իշխանությանը, շատ ներքին խոհանոցից: Դա կարող է լինել նրա առավելագույն աջակցությունը նախկիններին, եթե Արթուր Վանեցյանն ունենա այդպիսի մտադրություն: Մյուս կողմից, այդպիսի մտադրություն ունենալու պարագայում նա ամենևին չէր գնա հրաժարականի կոնֆլիկտային բնույթի և ավելորդ չէր թիրախավորի իրեն: Ավելին, հետագա պարզաբանումը, որ նա տվեց իր տեքստի կապակցությամբ, հուշում էր, որ Վանեցյանը լավ է պատկերացնում իր կատարածի խնդրահարույց լինելը և շտապել էր հարթել այն սրացումը, որ առաջացրել էր հրաժարականը հանրային շրջանակում: Մյուս կողմից, հրաժարականի այդօրինակ տեքստից հետո Արթուր Վանեցյանի ցանկացած հանդիպում, այս կամ այն առիթով կամ պատճառով, դիտարկվելու է նրա քաղաքական հայտի համատեքստում, կամա, թե ակամա: Այդ առումով նա ջինը բաց է թողել շշից, որքան էլ հետո փորձեց պարզաբանել իրավիճակը: Իհարկե, գուցե դա արել է միանգամայն գիտակցաբար, ինչի շնորհիվ է նաև ստացել «ջոկերի» կարգավիճակ, որը ստարտային առումով ամենևին էլ վատ կարգավիճակ չէ նախնական «կապիտալ» կուտակելու և արդեն հաջորդ փուլ անցնելու համար: Իսկ գուցե ջինը շշից բաց է թողել վարչապետ Փաշինյանը, որովհետև Արթուր Վանեցյան «ջոկերը», կարծես թե, այդքան էլ վատ քաղաքական գործոն չէ վարչապետի համար:

Այն, որ նախկին իշխանության շրջանակները Վանեցյանի պաշտոնանկությունը փորձում են օգտագործել Փաշինյանի դեմ, դա միայն առերևույթ է խնդիր: Ի վերջո, Փաշինյանի դեմ նույն ինտենսիվությամբ նրանք փորձում են օգտագործել ամեն ինչ, և դեռ հարց է, թե որքան է դրա էֆեկտիվությունը: Մինչդեռ ավելի խորքային իմաստով, պաշտոնանկ ԱԱԾ պետը, իր քաղաքական գործունայնության ներկայիս աստիճանով, վարչապետ Փաշինյանին տալիս է առավել մեծ մանևրի հնարավորություն: Հատկապես որ Արթուր Վանեցյանը կոշտ հրաժարականից հետո կարծես թե ակնարկեց, որ միանգամայն դեմ չէ հետագա խաղի կանոնների շուրջ վարչապետի հետ պայմանավորվելուն:

 Նյութի աղբյուրը՝ 1in.am