Ես իմ լիազորություններից ելնելով այս խնդրի հետ կապված որեւէ ավելացնելու բան չունեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ հակասություններ կան Նիկոլ Փաշինյանի եւ Արթուր Վանեցյանի միջեւ:

Նա դժվարացավ ասել, թե Փաշինյանի հետ ինչ պայմանավորվածությունների մասին է խոսում ԱԱԾ նախկին ղեկավարը. «Կարող եմ ասել, որ ցավով եմ հետեւում պարոն Վանեցյանի հայտարարությունների շարքին: Կարծում եմ՝ պետական պաշտոնյան, նույնիսկ պաշտոնից հեռանալուց հետո չպետք է նման ձեւով հեռանա եւ նման հայտարարություններ անի: Պաշտոնանկությունից հետո նմանատիպ հայտարարությունները ոչ միայն սպային, այլեւ շարքայինին պատիվ չեն կարող բերել: Նման ձեւով հեռացումն ինձ համար անհասկանալի է եւ անընդունելի: Ես չէի համաձայնի պնդմանը, թե դա որեւէ մտահոգության արտահայտման ձեւաչափ էր: Իմ տպավորությունը մի փոքր այլ է»,-ասաց Ավինյանը:


Նա ընդգծեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն արդեն նշանակվել է, իսկ տնօրենի նշանակման հետ կապված քննարկումներ չկան այս պահին:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Վանեցյանը թողնի նաեւ ՀՖՖ նախագահի պաշտոնը, փոխվարչապետը պատասխանեց. «Այդտեղ էլ որեւէ մեկնաբանություն անել չեմ կարող»:

Հարցին, թե իր ընկալմամբ, ի՞նչ նկատի ուներ Վանեցյանը, երբ հայտարարում էր՝ իմ հրաժարականը թող «կանգ առի» ազդանշան լինի, փոխվարչապետն արձագանքեց. «Պարոն Վանեցյանը կարծես հաջորդ օրվա իր հարցազրույցում միանշանակ լավ չէր հիշում, թե այդ տեքստում ինչ է գրված, հետեւաբար, երեւի թե չմեկնաբանեմ:

Եվ պարոն Վանեցյանին, եւ պարոն Օսիպյանին պաշտոնից հեռացումները վարչապետի որոշմամբ են եղել: Վարչապետն է նախապես որոշել, որ նրանք պետռք է հեռանան իրենց պաշտոնից: Հետագա բոլոր մեկնաբանությունները պետք է այս տրամաբանության մեջ լինեն»:

Նա հավելեց, որ այլ պաշտոնյաների պաշտոնանկության հարց այս պահին չի քննարկվում:

Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի պնդմանը, թե վարչապետը մարդիկ է ուղարկում իր մոտ, որ ինքը չխոսի, որ վարչապետը խախտում է պայմանավորվածությունը, Ավինյանն ասաց. «Ճանաչելով վարչապետին, կարող եմ ասել, որ նա երբեք այդպիսի մեթոդներով չի առաջնրդվել: Նա չի կարող մարդ ուղարկի որեւէ մեկի մոտ, որ որեւէ մեկին լռեցնի: Դա իր մեթոդը չի, իր գործելաոճը չի: Ես չգիտեմ՝ պարոն Վանեցյանն ինչի մասին է խոսում, բայց 2018-ի թավշյա հեղափոխության ընթացքում կատարված բոլոր երեւույթները եղել են բոլորի առչքի առաջ, եղել է թափանցիկ, որեւէ ստվերային գործարք չի եղել եւ չէր կարող լինել»:

Նա նաեւ հերքեց մամուլի տեղեկությունները, թե իր եւ Արթուր Վանեցյանի հարաբերությունները լարված են եղել. «Աշխատանքային պրոցեսներում շատ տարատեսակ հարցերով լինում են տարաձայնություններ, կոշտ քննարկումներ: Մամուլում տարբեր ժամանակներում տարբեր բաներ են շրջանառվում եւ այդտեղ մամուլը հերթական անգամ մի ֆեյք ու հետաքրքիր լուր էր իր համար գտել, որն իրականությանը չի համապատասխանում»: