Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, ՊԱԶ մակնիշի ավտոբուսը, Արմավիր - Արտենի ավտոճանապարհի Արտենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում բախվել է ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատարին կցված թնդանոթին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:

Ոստիկանները պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ականատեսները նշում են, որ մինչև ՊԱԶ-ի՝ ԿԱՄԱԶ-ին բախվելը, բախում է տեղի ունեցել ԿԱՄԱԶ-ի և ԶԻԼ մակնիշի բեռնատարի միջև, ու մինչ վթարի վայր պետք է ժամանեին ռազմական ոստիկանության ծառայողները, ՊԱԶ-ը, որը Արագածավան գյուղի բնակիչներին է տեղափոխելիս եղել, հարվածել է ԿԱՄԱԶ-ին կցված թնդանոթին: