Քիչ առաջ տեղեկացրել ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, ՊԱԶ մակնիշի ավտոբուսը, Արմավիր - Արտենի ավտոճանապարհի Արտենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում բախվել է ԿամԱզ մակնիշի բեռնատարին կցված թնդանոթին: Ըստ ԱԻՆ նախնական տեղեկության՝ կա 15 տուժած և 1 զոհ: Տուժածները հոսպիտալացվել են Թալինի, Արմավիրի, Բաղրամյանի ԲԿ-ներ:

Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ վթարի հետևանքով, նախնական տվյալներով, տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 13 տուժած քաղաքացիներ։ Վիրավորներից 6-ը տեղափոխվել են Արմավիրի, իսկ 7-ը Թալինի բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը այնտեղից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն՝ մասնագիտացված նյարդավիրաբուժական բաժանմունք, լրացուցիչ հետազոտվելու և նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու համար։

Բոլոր տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։