«Ստացվեց այնպես, որ նոր Հայաստանում որոշ տեղերից կազմակերպվեց նման շինծու մեղադրանքով քրեական գործ, որն աղերս չունի իրավական նորմերի հետ»,- անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին, լրագրողներին ասաց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են:

«Պարբերաբար վարչապետին կեղծ զեկույցներ են եղել իմ մասին: Ուրեմն այդ մարդիկ ինչ-որ շարժառիթ են ունեցել: Այո, ինձ հեռացնելու շարժառիթ են ունեցել ու այս պահին մեկուսացված եմ, Վերահսկողական ծառայությունում չեմ:

Ես կարծում եմ՝ ակնհայտ է, թե ում եմ խանգարել, չեմ ուզում շատ խորանալ, բայց շատ մարդկանց եմ խանգարել: Ե՛վ Արսեն Թորոսյանին, որովհետև մեծաթիվ գնումներ ենք արդեն նախաձեռնում առողջապահական նախարարությունում ուսումնասիրելու... Նա ինձ ասում է, որ գնումների վերաբերյալ հարցն ինձ հետաքրքիր չի, իսկ ես ասում եմ՝ ո՛չ, այդպես չի... Ես ձեզ ասել եմ այդ մասին, որ Հայաստան ներկրում են ու 2 անգամ թանկով վաճառում են պետության վրա: Եվ գնումների մասին օրենքը հստակ պահանջ է դրել, որ չի կարելի կոնկրետ կազմակերպության արտադրանքի անուն նշել: Ե՛վ «Գրիգոր Լուսավորիչ»-ում, և՛ «Վանաձոր» ԲԿ-ում, կոնկրետ կազմակերպության մոդելներ են նշված, ինչի արդյունքում այլ կազմակերպություն չէր կարող մասնակցել: Իսկ դրա արդյունքում այն կազմակերպությունը, որը տարիներ շարունակ սպասարկել է, գեշահույթ է ստացել: Մեր խնդիրը կազմակերպության դեմ չի, մեր խնդիրը նախկին արատավոր երևույթը կարգավորելն է: Ու այսօր ՔԿ-ում քննվում է հենց այդ հարցը»,- ասաց Դ. Սանասարյանը: