Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քիչ առաջ հերթական անգամ որոշում կայացրեց մերժել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը։

Նշենք, որ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հերթական միջնորդության համար հիմք էր հանդիսացել հոկտեմբերի 10–ին «Նաիրի» ԲԿ–ում հրավիրված բժշկական կոնսիլիումը, որով ըստ պաշտպանի հիմնավորվել է, որ Գրիգորյանի մոտ 4-5 նոր հիվանդություններ են հայտնաբերվել։

NEWS.am–ի հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ ինքը միտում է տեսնում անձին խոշտանգելու եւ հոգեկան տառապանք պատճառելու։

Նշենք, որ 5 ամիս տեւած դատաքննության ընթացքում դատարանը ավելի քան 8 անգամ մերժել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունները։

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։ Նրա նկատմամբ նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն։

Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան է վերագրվում նաեւ 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքի յուրացումը։