Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գրիգորի Հայրապետովն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.

Գրիգորի ՀԱՅՐԱՊԵՏՈՎԻՆ ազատել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից»,–ասված է հրամանագրում:

Գրիգորի Հայրապետովն այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թ-վականի հունիսի 11-ին՝ գրեթե մեկ ամիս անց Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո։

Մինչ այդ նա ծառայում էր նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիկնազորներում՝ իբրև ավագ թիկնապահ։

Նշենք, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ ծառայության ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը` վարչապետի առաջարկությամբ: