Հոկտեմբերի 16-ին ոստիկան սպանած ու ևս մեկ իրավապահ վիրավորած 16-ամյա պատանին ու իր եղբայրը «Սոս մանկական գյուղեր» են տեղափոխվել մոր կողմից բռնության ենթարկվելուց հետո՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ուղեգրով:
Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց «Սոս մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սպարտակ Սարգսյանը: Նրա խոսքով՝ տղաները 2016-ից այլևս կենտրոնի սաներ չեն: «ԶԼՄ-ում ապատեղեկատվություն կա այն մասով, որ երեխաները մեր գյուղի խնամքում են եղել: Երեխաները 2010 թվականին են տեղավորվել «Սոս մանկական գյուղ», իսկ 2016 թվականին մարտի 25-ին վերաուղեգրվել Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն»,- ասաց Սարգսյանը:
«Սոս մանկական գյուղերի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ եղբայրներն իրենց մոտ լինելու առաջին օրից ագրեսիվ վարք են դրսևորել: Դիտարկմանը, թե ինչպես են կենտրոնի հնարավորություններին չհամապատասխանող երեխաները 6 տարի անցկացրել այնտեղ, Սարգսյանն արձագանքեց, որ իրենք այդ ընթացքում բազմիցս դիմել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ երեխաներին համապատասխան կենտրոն տեղափոխելու համար: Տեղափոխությունը կատարվել է 2016-ին՝ 6 տարի անց:
Սպարտակ Սարգսյանը նշեց, որ երեխաների՝ «Սոս» տեղափոխվելը կենտրոնի մասնագետների համար զարմանալի է եղել: «Մենք նման խնդիրներով երեխաների հետ աշխատելու հնարավորություններ չենք ունեցել: Երեխաները մեր գյուղում եղած ժամանակահատվածում դրսևորել են վարքային շեղումներ, մտավոր հետամնացություն, Սարգիսը նաև որոշակի հոգեկան շեղումներ ուներ: Չունենալով համապատասխան մասնագետներ՝ դիմել ենք նախարարություն, որ երեխաներին հատուկ մասնագիտական կազմակերպություն տեղափոխեն»,- ասաց Սարգսյանը:
Հոկտեմբերի 16-ին Արաբկիրում գեղեցկության սրահներից մեկից գողություն կատարած 16-ամյա ու 18-ամյա երկու եղբայր՝ ոստիկաններից փախչելիս, խլել են նրանցից մեկին ամրակցված զենքը ու սպանել 38-ամյա ավագ Տիգրան Առաքելյանին։ Նրա ծառայակիցը վիրավորվել է։ Երիտասարդները ձերբակալված են։