Վարչապետն իր լիազորությունների սահմաններում ԱԱԾ ՊՊԾ ղեկավար Գրիգորի Հայրապետովին ազատել է աշխատանքից:

Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Շրջանառվող տեղեկությունների հետ կապված, թե Գրիգորի Հայրապետովը նշանակվելու է ԱԱԾ տնօրեն, վարչապետի խոսնակն ասաց․ «Հարցն այս պահին պատասխան չունի»։ Հ

իշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահի հրամանագրով Գրիգորի Հայրապետովն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից: Նա այն եզակի պաշտանյաներից է, որ պաշտոնավարել է ՀՀ երեք նախագահների և Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք:

Ի դեպ, ուշագրավ է այն, որ Գրիգորի Հայրապետովը պաշտոնանկ արվեց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությունից հետո, որ իրենք գիտեն, թե նախորդ տարի սեպտեմբերի 28-ին, Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույն վերելակում ինչ են քննարկել, ինչ թեմաներից են խոսել:

Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը վերելակում Փաշինյանին ուղեկցում էր Գրիգորի Հայրապետովը:

«Մենք տեղյակ էինք, թե ինչի մասին էին վերելակային այդ բանակցությունները, մենք էլ ունենք այդ աղբյուրները, գիտենք, թե ՀՀ վարչապետը կամ ԱԳ նախարարը ինչ են խոսել:

Գիտենք, թե վարչապետն ում հետ է հանդիպել, տեղյակ ենք վերելակային դիվանագիտությունից: Այսքան ժամանակ չենք բարձրաձայնել, որ ՀՀ վարչապետը բարձրաձայնի, թե ինչ է խոսել վերելակում»,- մասնավորապես, ասել էր Վիտալի Բալասանյանը:

Ահա այս հայտարարությունից մի քանի ժամ անց պաշտոնապես հայտարարվեց, որ Գրիգորի Հայրապետովն ազատվել է աշխատանքից: Վլադիմիր Կարապետյանը, սակայն, մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ այդ իրադարձությունների միջև կապ չկա:

Նյութի աղբյուրը՝ factor.am