Հաշված օրեր անց կլրանա Հոկտեմբերի 27-ի քսաներորդ տարելիցը։ Եթե 27-ից անմիջապես հետո հասարակության մեջ կային սպասելիքներ, որ այն կբացահայտվի, մեղավորները կպատժվեն, ապա տարիների ընթացքում 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության բացահայտման հույսերը մարեցին։

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը, որը ոճրագործության օրը գտնվում էր ԱԺ դահլիճում և տուժել էր, մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ քսան տարի անց էլ մենք չունենք շատ հարցերի պատասխաններ, մինչ օրս չգիտենք, թե ովքեր են այդ ոճրագործության պատվիրատուները, որ երկրի ծառայության հովանու ներքո նրանք գործեցին, ինչու չկանխվեց այդ ոճրագործությունը։

«Ես չգիտեմ, թե ինչու սպանվեց ակադեմիկոս Միքայել Քոթանյանը՝ այդպես էլ չիմանալով, թե հանուն ինչի է զոհվում։ 27-ի զոհերը այդպես էլ չիմացան, թե հանուն ինչի են զոհվում»,- ասում է Էմմա Խուդաբաշյանը։

Հետահայաց անդրադառնալով Հոկտեմբերի 27-ին՝ Էմմա Խուդաբաշյանը կարծում է, որ բացի զոհերի հարազատներից և ժողովրդի ակտիվ հատվածից՝ այսօր այդ ոճրագործության պատճառները, բացահայտումը ոչ ոքի չեն հետաքրքրում։

«Հոկտեմբերի 27-ից անցել է քսան տարի, այսօրվա երիտասարդներին եթե հարցնում ես, ապա նրանք 27-ի մասին գաղափար չունեն։ Նույնիսկ մարդիկ կան, որոնք փորձում են հերոսացնել Նաիրի Հունանյանին»,- նշեց ԱԺ նախկին պատգամավորը։


Համեմատելով Մարտի 1-ի սպանդի հետ՝ Էմմա Խուդաբաշյանը նկատում է, որ այն ժամանակ ժողովուրդը դուրս էր եկել պայքարելու, մարտնչում էր հանուն ազատ, արդար ընտրությունների, հեղափոխություն էր անում։

«Մարդիկ դուրս էին եկել պայքարի, որպեսզի փոխեն իշխանություններին։ Իսկ Հոկտեմբերի 27-ին, օրինակ, ազատամարտիկ, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը զոհվեց յուրայինի ձեռքով և չիմացավ, թե հանուն ինչի է ինքը զոհվում։ Ես սարսռում եմ այսօր, երբ հիշում և վերապրում եմ այդ ամենը։ Մարմինս սարսռում է արյան հոտից»,- նշեց Էմմա Խուդաբաշյանը։

ԱԺ նախկին պատգամավորը համաձայն է մեր այն դիտարկմանը, որ անցած քսան տարիներին դպրոցական և բուհական դասագրքերում հայոց նորագույն պատմությունը ներկայացվել է խեղաթյուրված, այդ իսկ պատճառով էլ նոր սերունդը շատ աղոտ պատկերացումներ ունի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին։

Նկատեցինք, որ այսօր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդես է գալիս հայոց պատմության դասագրքերը փոխելու նախաձեռնությամբ։

Էմմա Խուդաբաշյանն արձագանքում է. «Եթե նման բան կա, և Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը օբյեկտիվորեն ներկայացվի Հայոց պատմության դասագրքերում, ապա ես միայն կողջունեմ և կծափահարեմ դրա նախաձեռնողներին։ Դա մեր պատմությունն է, ինչո՞ւ պետք է այդ մասին երիտասարդ սերունդը չիմանա, ինչո՞ւ պետք է այն ներկայացվի խեղաթյուրված»։

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին, տուժողներին պետությունը օրենքով սահմանված կարգով տասնմեկ տարի անց տրամադրեց փոխհատուցում։ Արդյոք Հոկտեմբերի 27-ի զոհերի իրավահաջորդներն ու տուժողներն էլ ժամանակին ստացա՞ն փոխհատուցում։

«Զոհերին հատկացրին թոշակներ՝ պատգամավորի, նախարարի աշխատավարձի չափով։ Իսկ տուժողներին ոչինչ չի տրամադրվել։ Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում գտնվում էինք երկու կին պատգամավոր՝ ես և Հերմինե Նաղդալյանը, երկուսս էլ այն ժամանակ տուժեցինք։ Այսօր Հերմինե Նաղդալյանն անհամար կարողությունների տեր է։ Ես չեմ եղել իշխանության համար յուրային, այդ պատճառով էլ նախկին իշխանությունն ինձ ատում էր»,- նշեց Էմմա Խուդաբաշյանը։

Հարցին՝ Հոկտեմբերի 27-ին տուժած ԱԺ նախկին պատգամավորն ինչ ուղերձ, խոսք կհղի սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որի իշխանության օրոք էլ տեղի ունեցավ զարհուրելի ոճրագործությունը, Էմմա Խուդաբաշյանն արձագանքեց. «Երբ դատարանը վճիռ կայացնի Ռոբերտ Քոչարյանի գործով, ես իմ ասելիքը, խոսքը կասեմ։ Իսկ հիմա միայն կասեմ՝ ապաշխարի՛ր։ Թող ամեն մեկը հասկանա, որ իշխանությանը, հարստությանը վերջ կա։ Ես այսօրվա հարուստներին խղճում եմ, որովհետև ես քնում եմ հանգիստ, դռներս բաց, իսկ նրանք՝ ահը սրտում»։

Հիշեցնենք, որ 1999թ. Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ահաբեկիչների խումբը ներխուժեց Ազգային ժողով, որտեղ ընթանում էր կառավարության հետ հարցուպատասխանը, գնդակահարեց ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանին, Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին։

 Նյութի աղբյուրը՝ 1in.am