Կառավարության վերջին նիստում անդրադառնալով խաղողի մթերումների հարցին՝ վարչապետը նկատեց, որ խաղողի մթերման սեզոնի եզրափակիչ փուլում ենք, ու որևէ աղմուկ-աղաղակ չկա: « Չեմ հիշում, որ խաղողի մթերման շրջանում կառավարությունը սթրեսային և ցայտնոտային տեղեկատվություն չստանար», ինչի առթիվ էլ նա շնորհավորեց ներկաներին, քանի որ, իր իսկ մեկնաբանությամբ, «մենք անընդհատ արձանագրում ենք այն, ինչ որ տեղի է ունեցել, բայց շատ կարևոր է արձանագրել այն, ինչ որ սովորաբար տեղի էր ունենում և այլևս տեղի չի ունենում»: Փաշինյանը հայտարարեց, որ դա հաջողություն է, որ այդպես կշարունակվի, քանի որ դա ամենևին էլ պատահականություն չէ: «Սա պայմանավորված է սկսած անցած տարվանից մեր ձեռնարկած գործողություններով և շատ կոնկրետ դրական արդյունք է: Հույս ունեմ, որ մենք արդեն գտել ենք ձևը, թե ինչ անել, որպեսզի խաղողի մթերման շրջանում արհեստական լարվածություններ և գյուղացիների շահերի ոտնահարումներ տեղի չունենան»: Իհարկե, անմիջապես հաջորդ օրը Վայքում Աղավնաձորի գյուղացիները փակեցին մայրուղին՝ դժգոհելով մթերման գներից: Բայց Փաշինյանը ճիշտ էր այն առումով, որ հատկապես խաղողի մթերումներն այս տարի անցան բավականին սահուն, որի պատճառներին կանդրադառնանք:

Նիստի ընթացքում էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը ներկայացրեց հոկտեմբերի 9-ի դրությամբ մթերման տվյալները. 160 հազար տոննա խաղողի մթերում, որը 37%-ով ավելի է անցած տարվա ցուցանիշից: Վարչապետն էլ, դիմելով ներկաներին, այնուհետ սևեռվելով ԱՎԿ-ի նախագահի վրա, նշեց, որ մտահոգություններ են հնչում խաղողի մթերումների վիճակագրության մասով, որ թվերը իրական չեն: Վիճպետկոմի նախագահ Ստեփան Մնացականյանը «բացատրեց», որ իր ղեկավարած կառույցը խաղողի մթերումների վիճակագրություն չի իրականացնում, վարում է խաղողի այգիների հետ կապված վիճակագրություն: Փաշինյանն էլ, թե՝ «շան գլուխը հենց այդտեղ է թաղված»: Վիճպետկոմի նախագահը այն միամիտներից չէր, որ վարչապետի կես խոսքից «թաղված շան գլխի» համար պատասխանատվություն վերցներ, որքան էլ վերջին երկու տասնամյակներում, հատկապես գյուղատնտեսության առումով, ոչ միայն շան գլուխ է թաղել, այլև արջի մարմին: Թերևս ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ Փաշինյանը հենց դա էր ակնարկում: «Տեղեկատվության հիմնական աղբյուրը համատարած հաշվառումներն են: Իսկ ընթացիկ հաշվառումներն իրականացվում են համայնքապետարանների և մարզպետարանների կողմից համատեղ ձևավորված հանձնաժողովների միջոցով»՝ պատասխանատվությունը իրենից հեռացրեց կոմիտեի նախագահը: Ստեփան Մնացականյանը ստում է: Ընթացիկ հաշվառումների առումով բացարձակապես որևէ հանձնաժողով չի գործում: Չի բացառվում, իհարկե, որ փաստաթղթերով համապատասխան ձևակերպումներ արվեն, բայց իրականում որևէ նման բան երբևէ չի եղել: Գյուղապետարանի համապատասխան աշխատակիցը թվերը ներկայացնում է մարզային վիճակագրական կոմիտե, սրանք էլ նախկինում հանձնարարում էին, թե որ գյուղմթերքին վերաբերող թիվը ինչքանով փոխեն, ինչ դարձնեն: Եթե որևէ մեկն էլ համառություն էր ունենում հակառակվելու, անմիջապես հայտնվում էր գյուղվարչության պետի մոտ, վերջինս էլ «հարցերը լուծում էր» համայնքապետի և ոչ «ինչ-որ» մեկի հետ: Որոշ դադարից հետո նույն պրակտիկան կարծես վերականգնվել է:

Գանք թաղված շան գլխին, որի տեղն ու թաղելու պայմաններն ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտեր, վարչապետ Փաշինյանը նոր միայն գլխի է ընկնում: Վիճակագրության ազգային կոմիտեում Հայաստանի խաղողագործության ընդհանուր տարածքներին, համախառն բերքին ու միջին բերքատվությանը վերաբերող տվյալներ սկսած 1870թ.-ից կան: Այդ թվից մինչև 2004թ.-ը երկու դեպք է եղել, երբ հանրապետությունում խաղողի միջին բերքատվությունը գերազանցել է 10 տ/հա սահմանագիծը. առաջինը՝ 1962թ.-ին՝ 10.8տ/հա, երկրորդը՝ 1981թ.-ին՝ 12.5 տ/հա: 2004թ.-ից սկսած՝ ընդհուպ մինչև այս տարի, Հայաստանի խաղողագործությունը (և ոչ միայն սա) ֆանտաստիկ աճ է արձանագրում: 2004թ. ձմռանը, վիճվարչության տվյալներով, միանգամից 10 հազար հա-ով ավելացան պտղատու այգիների տարածքները, 4 հազար հա-ով՝ խաղողինը: Բոլոր պտղատեսակների պարագայում միջին բերքատվությունը աճեց նվազագույնը 60-70, որոշ դեպքերում՝ մինչև 200%-ով: Բոլոր այդ կեղծիք-աճերը հստակ ֆիքսված են ԱՎԾ-ի «Գյուղատնտեսությունը Հայաստանի Հանրապետությունում 2000-2005թթ.» հրապարակման մեջ: 2004թ.-ին գրանցվել էր խաղողի բերքի ամենահամեստ ցուցանիշը՝ 10.8տ/հա: Դրանից հետո այն շռնդալից աճեց, ու 2015թ.-ին արձանագրվեց 18 տոննա/հա միջին բերք: Մինչ այդ մի քանի տարի շարունակ 14-15 տոննա էր:

 

Ինչն է այստեղ հետաքրքիր: Սովետմիությունում՝ Միխայիլ Գորբաչովի իշխանության գալուց հետո, 1980-ականների կեսերից ծավալված հակաալկոհոլային շարժման հետևանքով Հայաստանում եղած 35-36 հազար հա խաղողի այգիներից 12-13 հազարը քանդվեց: Մի քանի հազար հա էլ քանդվեց անկախության առաջին տարիներին, երբ գործարանները չէին մթերում կամ մթերելուց էլ չէին վճարում: Արդյունքում վերջին տասնամյակներին, ՀՀ ԱՎԾ-ի տվյալներով, հանրապետությունում հաշվարկվում էր 17.5 հազար հա խաղողի այգի: Գյուղնախարարության կողմից 2015թ. հրապարակված գյուղատնտեսական հանրագիտարանում էլ նշվում է, որ անկախության տարիներին Հայաստանում հիմնվել է 2 հազար հա խաղողի այգի, բացարձակ մեծամասնությամբ՝ սեղանի սորտեր: Բացառություն են Էդուարդո Էռնեկյանի և էլի մի քանի այլ գործարարների կողմից հիմնված տեխնիկական սորտի այգիները: 2014թ.-ի գյուղատնտեսության համատարած հաշվառման արդյունքում պարզվեց, որ Հայաստանում եղած խաղողի այգիների ընդհանուր մակերեսը կազմում է ոչ թե 17.5, այլ 14.1 հազար հա: Փաստորեն ստացվում է, որ այս տարիներին ցույց տրված տարեկան 250, 280, 310 հազար տոննա համախառն բերքի պարագայում 1 հա-ի բերքատվությունը ոչ թե 14, 15 տոննա էր, այլ շատ ավելին: 2015թ.-ին այն կազմել է շուրջ 22 տոննա հանրապետության յուրաքանչյուր հա խաղողի այգու համար: Նույնը վերաբերում էր նաև ծիրանին ու մյուս գյուղմթերքներին: Ամեն ինչ հասցվել էր մանկամտության աստիճանի: Նշանակվելով վարչապետ Կարեն Կարապետյանը, որ իրականության զգացողությունը դեռ չէր կորցրել, այնուհետև 2015թ. արտադրված 310 հազար տոննա խաղողը 2016թ.-ին նվազեց 178 հազարի, իսկ 2015թ.-ին վերամշակման ընդունված 217 հազարը 2016թ.-ին դարձավ 109 հազար տոննա: Ոչ իրական, բայց իրականին ավելի մոտ:

Հարցն այն է, որ ցանկացած օրգանիզմ, այդ թվում և՝ բուսական, տարիքի հետ ծերանում է, և նվազում են վերջինիս արդյունավետությունը, պտղաբերության գործակիցը, ՕԳԳ-ն, և այդպես շարունակ: 1970-ականներին տնկված այգիները 10 տարի անց՝ 1980-ականների սկզբներին, երբ ջրման որևէ խնդիր չունեին, երբ օրգանական ու անօրգանական պարարտանյութերի որևէ պակաս չունեին, երբ որպես օրգանիզմ արդյունավետության բարձրագույն փուլում էին, հա-ից ապահովում էին միջինում 6-9 տոննա բերք: 2010-ական թվականներից սկսած, այդ թվում և այս տարի, նույն այդ օրգանիզմները, որոնց միջին տարիքը տատանվում է 65-70-ի միջև, երբ շատ վատ են պարարտացվում, երբ մասնագիտական խնամքի աշխատանքները միջինից ցածր մակարդակով են իրականացվում, երբ այգիների զգալի մասը 3-4 հազար քմ է, ու, տերերը այլ եկամուտի աղբյուր ունենալով, իմիջիայլոց են զբաղվում դրանցով, երբ ֆիլոքսերան տարածվել է, ու հարյուրավոր հա-ներով այգիների բերքատվությունը շեշտակի նվազել է, Հայաստանի այգիները կրկնակի, անգամ եռակի ավելի բերքատվություն են ապահովում: Լուրջ չէ: Կարեն Կարապետյանը, զգալով անլրջության աստիճանը, փորձում էր հետքայլեր անել: Փաշինյանը տատանվում է, թաղված շան գլուխ փնտրում: Դրանում ինչն է նրան գայթակղում՝ դժվար է ասել: Բայց զգացվում է, որ չի կողմնորոշվում՝ որ կողմ գնա:

Եթե հա-ից անգամ 10, առավելագույնը 12 տոննա բերք ընդունենք (ինչը քիչ է հավանական), կստացվի 170 հազար տոննա խաղող է արտադրվել: Մինչդեռ այս տարի այդքան մթերում են ցույց տալիս: Տարին 20 հազար տոննա սառնարանային պահպանության է դրվում, մինչև 10 հազար տոննա այս ամիսներին թարմ վիճակում է իրացվում, 4-5 հազար տոննա տնային գինու արտադրության տակ է դրվում: Այնպես որ՝ այսօր ներկայացվող թվերը մոտենում են Սերգո Կարապետյանի թվերին, որի վրա անգամ իրենք՝ կառավարության անդամներն էին ծիծաղում:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե անցած տարվանից իրենց ձեռնարկած միջոցառումները արդեն արդյունք են տալիս, դրանում ճշմարտություն կա, բայց… Վերջին 3-4 տարիներին ՌԴ-ն փորձում է իր շուկան մաքրել կեղծ խմիչքներից: Չափանիշներն էապես խստացվել են: Մոտ հինգ տարի առաջ ՌԴ-ն սկսեց կիրառել կոնյակի սպիրտի ստուգման ածխածնի իզոտոպի մեթոդը, հետո՝ ջրածնի իզոտոպի, հետո՝ թթվածնի: Հիմա մտցնում են ազոտի իզոտոպային ստուգումը, և այդ շուկա կեղծ կոնյակ արտահանելը մինչ այդ դրանում խիստ մասնագիտացած հայկական որոշ ընկերությունների համար առավելագույնս դժվարանում է: Սա է, որին գումարվել է Փաշինյանի թիմի հետևողական գործունեությունը և որոշակի արդյունք տվել: Բայց գործարան առ գործարան ստուգելու, դրանց գաղտնի ու բացահայտ հետևելու փոխարեն՝ կարելի է խիստ հսկողություն սահմանել ներկրվող ցորենի սպիրտի վրա, և ամեն ինչ իր տեղը կընկնի, եթե, իհարկե, կառավարության համապատասխան ատյաններից հեռացվեն շան գլուխ թաղողները:

Նյութի աղբյուրը՝  1in.am