«Վերաքննիչ դատարանը մեղմացրել է այդ հանցագործի պատիժը, որովհետև այդ գործում կան Տիգրան Սարգսյանի, Ռուբեն Վարդանյանի, Կճոյանի և այլոց անունները։ Ես ով եմ դրանց մոտ, որ իմ օգտին որոշում լիներ։ Գողերը թալանել են ինձ Աշոտի միջոցով, իրենք այդ թալանի արդյունքում ջրից չոր դուրս եկան, հիմա էլ ամեն ինչ անում են, որ Աշոտին էլ հանեն, պրծնեն։ Սա խայտառակություն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործարար Փայլակ Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը մեղմացրել է 16 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանի մեղադրանքը: 2019թ. հունիսի 24-ի որոշմամբ՝ Աշոտ Սուքիասյանն անմեղ է ճանաչվել Քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Դատարանը բավարարել է Սուքիասյանի պաշտպաններ Յուրիկ Խաչատրյանի և Կարեն Հակոբյանի վերաքննիչ բողոքը և մասնակիորեն բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. հոկտեմբերի 2-ի դատավճիռը։ Աշոտ Սուքիասյանն, ըստ նախագահող դատավոր Անդրանիկ Մնացականյանի որոշման, չի իրականացրել փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերի խարդախություն: Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ Սուքիասյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (հարկերից չարամտորեն խուսափելը), նշանակել է ազատազրկում՝ 6 տարի ժամկետով և 40 մլն դրամի չափով գույքի բռնագանձմամբ, պատժի կրման սկիզբը համարել 2014-ի հունվարի 31-ը: Այսինքն` Վերաքննիչ դատարանը մոտ 2,5 անգամ կրճատել է առաջին ատյանի դատարանի որոշմամբ պատժի կրման չափը:

Այս որոշումը Վերաքննիչ դատարանը հրապարակել է 4 ամիս անց։

Մինչդեռ հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի կողմից 2017 թվականին Աշոտ Սուքիասյանը դատապարտվել էր 16 տարվա ազատազրկման։ Բացի դրանից՝ առաջին ատյանի դատարանը որոշել էր, որ Սուքիասյանից պետք է բռնագանձվի 8 մլրդ 919 մլն դրամ՝ հօգուտ Փայլակ Հայրապետյանի, և 632 մլն 403 հազար դրամ՝ հօգուտ Հայրապետյանի որդու:

Հիշեցնենք նաև, որ Աշոտ Սուքիասյանը Փայլակ Հայրապետյանին և նրա որդուն պատկանող գույքի գրավադրումից 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011-ի հունիսի 15-ը «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից մաս-մաս ստացել է 10 մլն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ, սակայն չի կատարել վարկային պայմանագրով նախատեսած պարտավորությունները, ինչի պատճառով բանկը Հայրապետյանների ունեցվածքը անցած տարիներին մաս-մաս վաճառեց։

Փայլակ Հայրապետյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանի վճռի հետ կապված ինքն արդեն բողոք-նամակներով դիմել է ԱԺ նախագահին, ՀՀ նախագահին։ «Վարչապետը գազաններին սաղին թողել է մեր վրա ու ասում է, թե դատարանների հետ գործ չունի։ Դրա համար էլ էս վիճակն են բերում մեր գլխին։ Ինձ թալանեցին, փողը կերան միասին նախկին իշխանության ներկայացուցիչները, շենքերս ծախեցին թանկ գնով, հիմա էլ ուզում են Աշոտ Սուքիասյանին հանեն ու պրծնեն։ Սաղ իրենց ծանոթներն են, որ դատավորին ոնց ուզում, ինչ վճիռ ուզում պարտադրում են, իսկ վարչապետն ասում է, թե դատարանների հետ գործ չունի։ Ինքը գործ չունի, չի խառնվում, գողերը, ավազակները զբաղվում են, խառնվում են դատարանի գործերին։ «Ամերիաբանկի» Ռուբեն Վարդանյանը 470 միլիարդ դոլարի խարդախություն է արել, մոտ 10 միլիարդի խարդախություն էլ Հայաստանում է արել ու զոհի կերպարով ման են գալիս։ Իսկ Վարդանյանին որտեղից՞ այդքան փող։ Սաղ սրանից-նրանից թալանած, քցած փողեր են, սաղ իր բանկի կողմից բռնագանձված գույքերի վաճառքից թալանված գումարներ են։ Բանկով մարդուն երկու կոպեկ փող են տալիս, հետո շենքը ձեռքից խլում ու վաճառում են։ «Ամերիաբանկը» բանկ չի այլ Ամերիալվացքատուն»,- ասաց Հայրապետյանը։

Փայլակ Հայրապետյանն ասաց, որ պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը։ «Ես գնալու եմ մինչև վերջ, Եվրոպական դատարան եմ հասնելու։ Վարչապետը տեր չկանգնեց էս գործին, իր դեմ էլ եմ բողոքելու։ Իմ վերջնական նպատակն էն ա, որ բոլոր մեղավորները պատժվեն։ Ընդ որում՝ առաջինը պետք ա «Ամերիաբանկը» պատժվի։ Իմ հետ կապված ամբողջ պատմությունը Ռուբեն Վարդանյանի կերած քաքերն են։ «Ամերիաբանկը», եթե նորմալ բանկ լիներ ու ամեն ինչ գնար իրենց գրած բիզնեսպլանով, մենք հիմա այս օրը չէինք ընկնի։ Իսկ իրենք իսկզբանե ստել են, խարդախություն են արել։ Գագիկ Սահակյանը, Ռուբեն Վարդանյանը բացարձակ խուլիգաններ են, գողեր են, ղումարբազներ»,- ասաց Հայրապետյանը։

Ամեն դեպքում Փայլակ Հայրապետյանը նշեց նաև, որ ինքը ոչ մի սպասելիք չունի հայաստանյան դատարաններից, քանի որ ամբողջ համակարգը «Սերժի, Ռոբի տակ է»։ «Դատական համակարգի հերն անիծվեց հենց նրանց ժամանակ։ Սերժը պլանքաշ էր, ուղեղը չէր աշխատում, մենակ ղումար էր խաղում, իսկ մյուսը՝ մարդասպան էր։ Իսկ առաջին նախագահը թուրք էր։ Բայց դատական համակարգի ոչնչացումը սկսեց Քոչարյանի ժամանակ։ Ամբողջ դատական համակարգի հերն անիծեց, հիմա գնացել նստել ա բանտում ու շռում ա տակը։ Բայց հիմա վախից ա շռում տակը։ Դրանք բոլորը վախկոտ մարդիկ են։ Մեր 3 նախագահներն էլ վախկոտ են եղել»,-եզրափակեց Հայրապետյանը։